2014թ. ընթացքում կառավարությունը հասցրել է ընդամենը երկու նիստ հրավիրել: Հաշվի առնելով այն, որ տարին նոր է սկսվել, եւ նախարարներն առավել ակտիվ պետք է լինեին հասարակությանը հուզող հարցերին պատասխանելիս եւ առավել պատրաստակամ՝ լրատվամիջոցների հետ շփումներում, սակայն երեկվա տեսարանը միանգամայն այլ էր: Հայրենի նախարարները նիստի ավարտից հետո կառավարության շենքի հետնամուտքից հեռացան կամ, պատկերավոր ասած, «թռան»: «Ժողովուրդ»-ը փորձեց որոշ նախարարների իրենց ոլորտին առնչվող հարցեր տալ, սակայն ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ, վերջապես, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանը այնպիսի արագությամբ ծլկեցին, որ անհնար էր անգամ հայացքով հետեւել: Թեեւ նրանք էլ իրենց խնդիրներն ունեն. մի կողմից վարչապետն ասում է՝ պաշտպանե՛ք ինձ Ռոբերտ Քոչարյանից, մյուս կողմից էլ Քոչարյանի տարիների իրենց կարգավիճակն են հիշում ու խուսափում լրագրողների աչքերին նայելուց, որպեսզի այդ թեմայով ոչինչ չխոսեն:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում