Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետի կողմից Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը հրապարակավ հակադարձելու հրահանգ ստացած նախարարներն անցել են գործի: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին երեկ հետեւեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, որը, սակայն, հանդես եկավ բավականին օբյեկտիվ դիրքորոշմամբ: Նախ` դեռեւս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նախարար աշխատած Ավանեսյանը «երկնիշ տնտեսական աճի ֆենոմենը» բացառապես իրեն վերագրող Ռ. Քոչարյանին հիշեցրեց, որ նա դրան հասել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք իրականացված բարեփոխումների շնորհիվ: «Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք չեն կարողանում հինգ, նույնիսկ տասը տարվա ընթացքում արդյունքները ցույց տալ: Դրանց արդյունքներն ավելի հեռանկարային են,-նկատեց նախարարը՝ միեւնույն ժամանակ Քոչարյանին հասկացնելով, որ նույն տրամաբանությամբ էլ, իր օրոք եղած ձախողումներն անհետեւանք չեն մնացել,-նաեւ, իհարկե, խնդիրները եւ այն բարեփոխումները, որոնք հաջողված չեն եղել, դրանք էլ խնդիրներ են ստեղծել: Եվ այդպես շարունակաբար լինում է»:
Ավանեսյանն անդրադարձավ նաեւ «շինարարական փուչիկին»` այս հարցում եւս արտահայտելով բավականին ոչ միանշանակ տեսակետ. «Կան բաներ, որ կարող եմ գնահատել: Օրինակ` շինարարության 25 տոկոս անկումը: Ամենածանր բանն այն է, որ կիրառվում են բառեր` «փուչիկ», չգիտեմ ինչ, ոնց որ վիրավորանք լինի: Խնդիրը նա չի, որ որեւէ մեկը փչել է այն»: Եթե հիշենք, թե ով էր խոսում «փուչիկի» եւ այն փչելու մասին, ապա ստացվում է, որ Ավանեսյանն ուղղակիորեն հանդիմանում է իր անմիջական ղեկավարին` Տիգրան Սարգսյանին:
Այդուհանդերձ, շարունակելով պրոֆեսիոնալ տնտեսագետի դիրքերից հանդես գալ՝ նա հստակեցնում է. «Պետք է փաստերը գնահատել, եւ այդ տեսանկյունից 25 տոկոս մասնաբաժինն անհնարին է, որ պահպանվեր: Դեռեւս 2007-2006-ին, նաեւ իմ կողմից, գնահատվում էր, որ շինարարությունում պետք է բացասական աճ լինի` անկախ ճգնաժամից»:
Այսպիսով` առանց ցեխ շպրտելու, առանց վիրավորական արտահայտությունների եւ ամենակարեւորը, օբյեկտիվ գնահատականներով էկոնոմիկայի նախարարը հակադարձում է Քոչարյանին` ասելով, որ շինարարության անկումն անխուսափելի էր, հետեւաբար Քոչարյանի ներկայացրած փաստարկները որոշիչ չեն: Միեւնույն ժամանակ «փուչիկ փչելու» մասին հայտարարության անընդունելիությունը շեշտելով` Ավանեսյանն արձանագրում է նաեւ Քոչարյանին ինչ-որ չափով հանիրավի մեղադրելու իրողությունը:
Թե ՀՀ իշխանական վերնախավում տիրող պնակալեզության ավանդույթներից էկոնոմիկայի նախարարի այս անսպասելի շեղումն ինչպես կընդունվի, ցույց կտա ժամանակը: Թեեւ, դատելով իր գրասենյակի անունից հայտարարություն տարածող երիտհանրապետականի ինքնահաստատման ծիծաղելի դրսեւորման կապակցությամբ ՀՀԿ վերնախավում տիրող հրճվանքից, այն դժվար թե առանձնապես ողջունվի:
Այս և այ հետաքրքիր նորություններ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում