տուն Լուրեր «Ժողովուրդ». Ռուսաստանի պատիժները որքանո՞վ մեզ կհասնի

«Ժողովուրդ». Ռուսաստանի պատիժները որքանո՞վ մեզ կհասնի

99
0

Ժողովուրդ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը ծրագրում է երկուշաբթի օրվանից պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ «Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության համար: Վերջնական որոշման մենք կհանգենք երկուշաբթի օրը»,- հայտարարել է Տուսկը: Այս խոսքերից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ խոստովանեց, որ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի տնտեսության վրա: «Ցանկացած դեպքում պատժամիջոցները եթե ազդում են մեր գործընկեր երկրների տնտեսության վրա, լինի դա Ռուսաստանը, թե Եվրոպական միությունը, թե Ամերիկան (ավելի շատ նրանց հետ, որոնց հետ մենք ունենք ավելի մեծ առեւտրատնտեսական շրջանառություն)??? իհարկե  դա չի կարող լինել լավ»,- ասել է նա: Ըստ Ավանեսյանի՝ կառավարությունում չկան կոնկրետ հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հայաստանյան տնտեսության վրա: Այսպիսով, Տիգրան Սարգսյանի կառավարությունը կամ ի վիճակի չէ, կամ էլ չի ուզում տիրապետել իրավիճակին. երկու դեպքում էլ, հավատացեք, խնդիրը լուրջ է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  պատասխանելով հարցին, թե արդյոք եղե՞լ են գործարարներ, ովքեր իրենց պատկանող էլիտար դատարկ տներն առաջարկած լինեն սիրիահայերին՝ որպես ժամանակավոր կացարան, ասաց. «Այո, ինչու չէ: Կարող եմ ասել, որ մեր գեներալներից շատերն ամռանը երեխաներին տանում, իրենց տներում պահում են: Ռազմական ոստիկանության գեներալներից մեկը ոչ միայն զույգ քույրերին տարել ու իր տանը պահում էր, այլ նույնիսկ «Արի տուն» ծրագրի բոլոր երեխաներին ճաշով հյուրասիրել է: Կառավարության  բոլոր անդամներին խնդրում ենք, որ իրենց աշխատակիցներին հորդորեն՝ երեխաներին տանել եւ պահել իրենց տներում: Օրինակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց, «Արի տուն» ծրագրի մասնակից, մի իսպանախոս երեխա ուղարկենք իրենց տուն: Երկու տարի առաջ մի շաբաթով վարչապետի տանը սփյուռքահայ է ապրել»: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ շատերը «Արի տուն»-ի բուն ծրագրից տեղյակ չեն եւ փորձում են ցեխ շպրտել:

Դեռ 2010թ. ՀՀ ֆինանսների նախարարության եւ գերմանական Kfw բանկի միջեւ «Որոտանի հէկ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով ստորագրել է վարկային համաձայնագիր: Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով 51 մլն եվրո վարկ է տրամադրել, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի հետաքննության շրջանակներում պարզվեց, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի հէկ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլեւ հիմա՝ հէկ-ի վաճառքից հետո,  անհայտ է վարկի հետագա ճակատագիրը: ՀՀ ֆինանսների նախարարությունից այս մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել են, որ գործարքից հետո ծրագրի շարունակականության եւ ձեւաչափի հարցը քննարկման փուլում է: Բացի այդ, ըստ նրանց, վարկից այս ընթացքում ծախսվել է 698 հազար եվրո, որն ուղղվել է խորհրդատվական եւ նախագծման ծառայությունների իրականացմանը: Դե իհարկե, կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով, «ատկատ» անելը:

Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում եւ անգամ միջանցքներում ինտենսիվ ձեւով տեսախցիկներ են տեղադրվում: Նույնիսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անվտանգության այսպիսի միջոցառումներ չէին իրականացվում: Ու թեեւ արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱԺ պատագամվորներն ու աշխատակիցներն ամեն կերպ խուսափում են զրուցել միջանցքներում, որպեսզի չնկարահանվեն», այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել եւ չեն միացվել համակարգին: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչեւ մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել»: Այսպիսով, մինչեւ մարտի վերջ ԱԺ-ում պատգամավորները կարող են հանգիստ շունչ քաշել:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը