տուն Լուրեր «Ժողովուրդ». Միայն ապուշը համապատասխան եզրահանգումներ չի անի

«Ժողովուրդ». Միայն ապուշը համապատասխան եզրահանգումներ չի անի

112
0

Ժողովուրդ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե «Ուկրաինայի քայքայման հիմքում  տնտեսության փլուզումն էր, որի հիմնական պատճառը համատարած կոռուպցիան էր»: Նա  զգուշացրել է, որ իր երկրում կոռուպցիայի դրսեւորման ցանկացած դեպք պատժվելու է ամենայն խստությամբ, քանզի, ըստ նրա` «միայն ապուշը համապատասխան եզրահանգումներ չի անի այն ամենից, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում»:

«Բատկայի»` եզրահանգումներ անելու շուրջ մտահոգություններն անհիմն չեն: Այն, որ Մայդանում ծավալվող իրադարձություններում խառն էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի մատը, ակնհայտ է: Սակայն անժխտելի իրողություն է եւ այն, որ ուկրաինացիների համբերության բաժակը պարզապես լցվել էր, եւ  Յանուկովիչի` եվրոասոցացումից հրաժարվելու որոշումից հետո մարդիկ այլեւս չհամակերպվեցին իրենց եւ իրենց երեխաների ապագան կոռումպացված Ռուսաստանի հետ կապելու հեռանկարի հետ: Եվ, ըստ էության, ուկրաինացիների` դեպի Եվրոպա ձգտումը մեծապես պայմանավորված էր հենց կոռուպցիայից զերծ կառավարման համակարգ ունենալու ցանկությամբ: Անգամ եթե դա արվեր նույն կոռումպացված Յանուկովիչի ձեռքով, ուկրաինացիները պատրաստ էին համակերպվել` վստահ լինելով, որ կարճ ժամանակ անց  երկրի իշխանությունները ստիպված կլինեն փոխել առկա փտած համակարգն ու այն համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Նույն ակնկալիքները կային նաեւ Հյաստանում, երբ շուրջ չորս տարի Սերժ Սարգսյանը բոլորին հմտորեն մոլորեցնում էր` տպավորություն ստեղծելով, թե ձգտում է եվրաինտեգրացման: Եվ այդ ողջ ընթացքում անգամ Ս. Սարգսյանի ամենաոխերիմ հակառակորդները նշում էին, որ իր բոլոր բացասական հատկանիշներով հանդերձ` նա, այդուամենայնիվ, ձգտում է դեպի եվրոպական կառավարման համակարգ:

Պատահական չէ, որ այդ ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները շատ ակտիվ էին կոռուպցիայի դեմ պայքարի մասին իրենց հայտարարություններում: Վերջին` ամենահիշարժան դրսեւորումը  ՀՀ կառավարությունում «ատկատներ»-ի մասին Ս. Սարգսյանի հայտնի հայտարարությունն էր եւ  «մեծ ձկներին  գլխից բռնելու» կոչը: ՀՀ իշխանությունների հակակոռուպցիոն պոռթկումը շարունակվեց եւս մեկ ամիս, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարում «վիրահատական միջամտությունների անհրաժեշտության» մասին, սակայն բանն այդպես էլ չհասավ  վիրահատության, իսկ ՀՀ պետական համակարգն էլ, փաստորեն, «նարկոզի տակ մնաց»:

Իսկ արդեն Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո կոռուպցիայի դեմ պայքարի մասին անգամ խոսակցությունները դարձան ավելորդ. մի կողմից` ՄՄ-ում  նման պահանջներ որեւէ մեկը չի առաջադրի, մյուս կողմից ` ՀՀԿ-ի դեմ պայքարում չկա այնպիսի ուժ, որն իր գործունեության  ընթացում  թաթախված չլինի  կոռուպցիայի մեջ:

Հետեւաբար` ՀՀ-ում կոռուպցիայի դեմ կարող են պայքարել միայն նոր ստեղծվող ուժերը: