«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստվում է աշխատանքից ազատել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանին։ Ըստ նույն տեղեկությունների՝ Գ. Կոստանյանը մի քանի դատախազների հետ զրույցում, խոսելով Վ. Մարգարյանի մասին, ասել է, թե «դրան ասեք, թող աչքիս չերևա ընդհանրապես»։ Երեկ «Ժողովուրդ»–ը զրուցեց Վ. Մարգարյանի հետ նրա ապագային առնչվող հարցեր ճշտելու ակնկալիքով։ «Ես նման տեղեկություն չունեմ»,-մեզ հետ զրույցում կարճ ասաց դատախազը։ Հարցին, թե ինչ փոխհարաբերություններ ունի Գ. Կոստանյանի հետ, դատախազը պատասխանեց, «Աշխատանքային, կառուցողական, որևէ լարված հարաբերություն չկա, ես աշխատում եմ»։ Դիտարկմանը, թե Գ. Կոստանյանը լուրջ կադրային փոփոխություններ է կատարում և որոշել է իրեն աշխատանքից ազատել, Վ. Մարգարանը նշեց. «Ես աշխատում եմ»։
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի «սև ցուցակում գտնվող» Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը արձակուրդի մեջ է, և իրեն աշխատանքից չեն ազատել։ «Ոչ էլ դիմում եմ գրել։ Նման բան չկա, դիմեք մեր հանրային կապերի վարչություն, Ձեր հարցերին կպատասխանեն։ Ես արձակուրդում եմ։ Լավ եղավ ցտեսություն»,–ասաց մեր զրուցակիցն ու անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։