Աշխարհաքաղաքական նոր խմորումների այս ընթացքում կտրուկ մեծացել է Ղարաբաղում ստատուս քվոն որեւէ կերպ փոփոխելու գերտերությունների վճռականությունը: Եվ սկսած Ջ. Ուորլիքի հրապարակած վեց կետերից` ավարտված Հայաստանի առջեւ Եվրասիական տնտեսական միության անդամների կողմից Աստանայում առաջադրված պահանջով, ընթանում է Ղարաբաղն առեւտրի առարկա դարձնելու մի գլոբալ պրոցես, որին դիմագրավելու` Հայաստանի Հանրապետության ներուժը օրեցօր պակասում է:
Ստատուս քվոյի անընդունելիության եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ռեալ քայլերի ակնկալիքի մասին երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը: Նա, հիշեցնենք, մինչ այդ՝ Բաքվում հանդիպել էր Ի. Ալիեւի հետ, իսկ երեկ Երեւանում առանձնազրույց ունեցավ նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան հետ:
Թե ինչպիսի արդյունք կունենա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` առաջիկա հանդիպումը, դժվար է ասել: Սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանի` վերջին շրջանում հնչեցրած մի քանի հայտարարությունները, եւ առաջին հերթին` օրերս Ծաղկաձորում Նազարբաեւի առաջադրած պայմանին տրված պատասխանը, բավականին մտահոգիչ միտումներ են ուրվագծվում: Ընդ որում` ոչ միայն արտաքին, այլեւ ներքին, այդ թվում եւ` ներղարաբաղյան քաղաքական զարգացումների առումով:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը