Ժիլբերի համախտանիշ. ժառանգական հիվանդություն է, որն արտահայտվում է արյան մեջ բիլիռուբինի մակարդակի անընդհատ կամ ժամանակավոր բարձրացմամբ, դեղնուկի, ինչպես նաև այլ առանձնահատուկ ախտանշանների առաջացմամբ: Հարկ է նշել, որ Ժիլբերի համախտանիշը բացարձակ անվնաս հիվանդություն է ու առանձնահատուկ բուժում էլ չի պահանջում: Ժիլբերի համախտանիշի առաջացումը հիմնականում լյարդում բիլիռուբինի փոխանակման պրոցեսին մասնակցող որոշակի ֆերմենտի գենետիկ անբավարարությամբ է պայմանավորված: Տվյալ հիվանդության հիմնական ախտանշանները դիտարկելով, արժե նշել այն փաստը, որ դրանք հիմնականում ոչ մշտական բնույթ են կրում: Ընդ որում, հիվանդության դրսևորմանն ու սրացմանը նպաստում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (սպորտային մարզումները), սթրեսները, քաղցը, որոշ դեղամիջոցներ, ալկոհոլը: Նպաստում են նաև վարակիչ հիվանդությունները (գրիպը, հեպատիտը , սուր շնչառական հիվանդությունները ևն): Հիմնական բնորոշ ախտանշանը սպիտակուցներում թեթևակի դեղնության առաջացումն է, իսկ երբեմն էլ լինում է այնպես, որ դեղնություն է դիտվում տեղ-տեղ, ասենք ներբաններին ու ձեռքի ափերում, քիթ-շրթնային եռանկյունում ու անութային հատվածներում:
Հիվանդներից կեսի մոտ լինում են մարսողական բնույթի բողոքներ. մասնավորապես՝ սրտխառնուք, ախորժակի բացակայություն, լուծ կամ փորկապություն, զկրտոց ու մետեորիզմ (գազերի կուտակում), այրոցք ու բերանում լեղու, դառնության զգացում: Կարող է դեղնություն առաջանալ ոչ միայն մաշկի վրա, այլև աչքերի սպիտակուցներում:
Սակայն, երբեմն, Ժիլբերի համախտանիշը կարող է առանձնահատուկ արտահայտություններ չունենալ: Երբեմն կարող է ուղեկցվել թուլությամբ ու լյարդի շրջանում տհաճ զգացողությամբ, որն, ի միջի այլոց, հիվանդների 60%-ի մոտ մեծանում է (իսկ 10%-ի մոտ մեծանում է նաև փայծաղը): Հաշվի առնելով այն փաստը, որ տվյալ հիվանդության ժամանակ արյան մեջ բիլիռուբինի մակարդակն է բարձրանում, ուստի, այն հայտնաբերելու համար կիրառվում է ֆենոբարբիտալ։ Այն ընդունելուց հետո, Ժիլբերի համախտանիշի առկայության դեպքում, բիլիռուբինի մակարդակը նվազում է:
Բուժումը
Ինչպես արդեն նշեցինք, Ժիլբերի համախտանիշի դեպքում առանձնահատուկ բուժում չի պահանջվում: Սակայն, այն հայտնաբերելու համար մի շարք լաբորատոր ուսումնասիրություններ պետք է արվեն: Հատուկ մշակված ռեժիմի շնորհիվ հնարավոր է կարգավորել կամ գոնե բիլիռուբինը պահպանել այն մակարդակի վրա, որը հիվանդություն չի հրահրի:
Ժիլբերի համախտանիշի դեպքում հարկ է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հրաժարվել յուղոտ սննդից ու ալկոհոլից: Հիվանդության սրացման շրջանում նշանակվում է խնայող տիպի սննդակարգ ((№5), վիտամինային թերապիա, ինչպես նաև լեղամուղ դեղամիջոցներ:
Պետք է ընդունել լյարդի ֆունկցիայի բարելավմանը նպաստող բժշկի նշանակած միջոցները, իսկ հիվանդության ախտորոշման ու համապատասխան բուժում նշանակելու համար պահանջվում են մի քանի մասնագետի` թերապևտի, գենետիկի ու արյունաբանի կարծիքները:
Բժիշկ Ա. Վարդանյան