«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում արշալույսները կարծես այնքան էլ խաղաղ չեն: Ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ «կամազներից», որոնք ստացել էր քաղաքապետարանը գործարարներից, սակայն նվիրատուների ցանկն այդպես չհրապարակեց մինչեւ ընդդիմադիրների աղմուկը:
Հանրությանն այս տեղեկությամբ լուսավորեց Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը եւ անգամ դիմեց դատախազություն, պահանջեց պարզել «կամազների» եւ նվիրատուների շինթույլտվությունների կապը:
«Կամազների» թեման դեռ չէր «մարսվել», դատախազությունն էլ մինչ օրս, ինչպես մեզ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, չի արձագանքել հայտարարությանը, եւ ահա այսօր «պայթեց» նոր սկանդալ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ մանդատը հետ կանչելու հարցը:
Հիշեցնենք՝ Դավիթ Խաժակյանը երեկ՝ ավագանու նիստում, հաղորդում էր տվել քաղաքապետարանում նոր պաշտոնական կեղծիքի մասին՝ ցուցադրելով փաստաթուղթը հետին ամսաթիվ եւ ոչ քաղաքապետի ստորագրությամբ:
Ճի՞շտ է արդյոք Խաժակյանը, թե ոչ, հուսանք՝ կպարզի դատախազությունը, որին Խաժակյանը արդեն դիմել է նաև գրավոր: Սակայն հարցն այստեղ քաղաքական է՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պահվածքը: ԼՀԿ-ն օր ու գիշեր հայտարարում է, թե իշխանության հետ ոչ մի պայմանավորվածություն չունի, հանդես է գալիս ընդդիմադիր ինքնուրույն դիրքերից, բայց արի ու տես՝ քաղաքապետարանին երեկ ներկայացված հերթական մեղադրանքից հետո ավագանուց իր միակ անդամին հետ կանչելու հարցն է քննարկում:
Անհասկանալի է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի մեղադրանքը հանրությանը, նաև լրատվամիջոցներին, որոնք երեկ չեն լուսաբանել քաղաքապետի ծիծաղը, հիմնականում լուսաբանել են քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին հնչած անձնավորված գնահատականները, որոնց պատճառով Խաժակյանի փաստարկած գնահատականը հետին պլան են մղել:
Մարուքյանի հայտարարությունը, սակայն, ոչ միայն ճիշտ չէ, այլեւ ստեղծված իրավիճակում մեղավորներ փնտրելու եւ մեղքն այլոց վրա բարդելու տպավորություն է թողնում: ԶԼՄ-ները եւ գրեթե բոլոր հեռուստաալիքները (որոնք, ի դեպ, մեծ մասամբ նախկին իշխանության ձեռքում են) անդրադարձել են Խաժակյանի բարձրացրած խնդրին:
Երկրորդ՝ տրամաբանական չէ նաև Մարուքյանի, ապա նաև Դավիթ Խաժակյանի մեղադրանքը «Լույս» խմբակցության «Հանրապետություն» կուսակցության անդամների՝ Թեհիմնա Վարդանյանի եւ Անի Խաչատրյանի հասցեին հնչած կիսակնարկները: Բանն այն է, որ առաջին անգամ չէ, որ «Լույսի» վերոնշյալ անդամները քաղաքապետին քննադատելիս անձնավորված գնահատականներ են տալիս՝ հիշեցնում դերասան Մարությանի կերտած կանացի կերպարները, էմոցիոնալ արձագանքում Մարությանին: Բայց նախկինում երբեւէ ԼՀԿ-ում «Լույսի» անդամների այս պահվածքը գոնե հրապարակային չի քննարկվել: Իսկ եթե եղել են, ապա «Լույսի» մյուս անդամներին հորդորել են անձնավորված մոտեցում չդրսեւորել, սակայն արդյունք չի եղել, մեզ հետ զրույցում նշել էր Դավիթ Խաժակյանը։ Հետեւաբար ընդդիմադիր ԼՀԿ-ն պարզապես կարող էր հայտարարել Խաժակյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին, գործել առանձին՝ ըստ Ընտրական օրենսգրքի:
Սակայն Մարուքյանի եւ ԼՀԿ-ի այսօրվա պահվածքը, կարծում ենք, քաղաքական այլ նյուանս էլ ունի: Ակնհայտ է, որ «կամազների» թեմայով ընդդիմադիր կուսակցությունը փորձեց հիմք ստեղծել քաղաքապետի հրաժարականի համար, հասնել արտահերթ ընտրության: Բայց հանրային օրակարգ քաղաքապետի հրաժարականի պահանջով այդպես էլ չեղավ, իշխանությունն այդպես էլ անդրդվելի մնաց՝ քաղաքապետի «պոստը» չհանձնեց:
Ու քանի դեռ իշխանության հետ գործարքի գնալու կամուրջներն այրված չեն, քաղաքապետի դիրքերն էլ՝ անսասան, ԼՀԿ-ը որոշեց ժամանակավոր «ժերտվա» տալ իր անդամին եւ նահանջել:
Հ.Գ. «Հանրապետություն» կուսակցությունն այսօր նիստ է գումարել եւ անդրադարձել իր անդամների վարքագծին: Նիստից հետո «Լույսի» «Հանրապետության» անդամները հայտարարեցին՝ անձնավորված որեւէ գնահատական քաղաքապետի հասցեին չի եղել: Դա բնական պրոցես է, մնացածը՝ «Լուսավոր Հայաստանի» խնդիրն է:
Սոնա Դավթյան