Ամանորի տոներից առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Պատգամավորը նաև իր հայտարարության մեջ նշել էր. «Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության իմ գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում»:
Պատգամավորի այս հայտարարությունից հետո բավականին լայն քննարկումներ եղան: Նախ ակտիվ քննարկումներ ծավալվեցին, թե ով պետք է զբաղեցնի Թևան Պողոսյանի տեղըˋ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը, թե՞ «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը: Այս քննարկումներին հետևեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ՝ Թևան Պողոսյանին ուղղված՝ մանդատը վայր չդնելու և ժամանակավորապես Աժ «Ժառանգություն» խմբակցությունը ղեկավարելու առաջարկը: Արմեն Մարտիրոսյանը հույս էր հայտնել, որ Թևան Պողոսյանը հետ կվերցնի մանդատը:
Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց Թևան Պողոսյանի հետ, ով ևս մեկ անգամ հաստատեց իր որոշումը. «Ինչպես արդեն հրապարակավ նշել եմ, չէի ցանկանա մտնել պատգամավորական մանդատը վայր դնելու իմ որոշմանն առնչվող քննարկումների մեջ: Խնդրում եմ հարգել իմ խնդրանքը: Ես անշուշտ շնորհակալ եմ բոլոր լրագրողներին՝ այս օրերին դրսեւորվող այսպիսի ակտիվության համար, ներողություն եմ խնդրում սակավախոսության համար: Հատկապես շնորհակալ եմ «Ժառանգության» իմ ընկերներին՝ իրենց սատարման, այս հարցի շուրջ լուրջ ու սրտացավ հրապարակային մեկնաբանությունների համար, որոնք օգնում են լրագրողներին իրենց աշխատանքը կատարել»,- եզրափակեց իր խոսքը Թևան Պողոսյանըˋ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
Բորիս Մուրազի