Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց թռչնամսի շուկայում կատարված ուսումնասիրություններին. «Հուլիս ամսվա վերջին մեր միությունը ստուգումներ իրականացրեց թռչնամսի շուկայում պարզելու համար, թե մսի արտադրությունը և վաճառքը որքանով է համապատասխանում սահմանված ստանդարտներին: Մսի նմուշներ են վերցվել բոլոր սուպերմարկետներից և խոշոր խանութներից, ինչպես նաև միս արտադրող ընկերություններից: Նմուշները ուղարկվել են փորձաքննության առանց ընկերության նշման, որպեսզի որևէ կողմնապահ ստուգում չիրականացվի: Ի ուրախություն մեզ, պետք է ասեմ, որ վտանգավոր բակտերիաներ չեն հայտնաբերվել ստուգումների արդյունքում»,-ասաց պարոն Ստեփանյանը՝ ավելացնելով, որ այս պատկերը նաև ինչ որ տեղ իրենց աշխատանքի արդյունքն է. «Մենք առաջին հերթին աշխատանքներ են տարել սպանդանոցների աշխատակիցների հետ, որպեսզի նրանք պատրաստված լինեն այս սեզոնին և համապատասխան վտանգներին: Առաջին հերթին սպանդանոցների աշխատակիցների պատրաստվածությունն է հնարավորություն տվել զերծ մնալ սեզոնային բարդություններից>,-ասաց Սերգեյ Ստեփանյանը: