Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսով ակտիվ դեպքերը 2217-ն են, բայց այդ 2217-ից մոտավորապես 600-ն են, որոնք որևէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն:
«Ասենք՝ թոքաբորբով մասնավորապես մոտ 660 հիվանդ ունենք այս պահին… Նույնիսկ թոքաբորբով հիվանդների 20-25 տոկոսին կարելի է համարել ասիմպտոմ՝ ինչու, որովհետև թոքաբորբի շատ թեթև տեսակներ են, արյան մեջ թթվածնի պարունակությունը ավելի քան բավարար է: Այսինքն՝ դուք գիտեք, էդպիսի դեպքեր լինում են, երբ որ մենք գնում ենք բժշկի, և մեզ ասում են՝ դուք ոտի վրա թոքաբորբ եք տարել, այսինքն՝ թեթև թոքաբորբ: Եթե պարզվի, որ մենք ունենք ավելի քան 1500 հիվանդ, ովքեր ունեն բժշկական կոնկրետ բուժման անհրաժեշտություն, և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին և անցնելու ենք, մենք ստիպված կլինենք, ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Նախկինում սահմանափակումների հետ կապված շատ կոնկրետ մի պատճառ կար՝ խոսքը թոքային օդափոխման սարքերի առկայության մասին էր, որովհետև, դուք գիտեք, երբ որ ճգնաժամը ծավալվում էր, ամբողջ աշխարհում հիմնական թեման թոքային օդափոխման սարքերին էր վերաբերում, և մենք այդ սահմանափակումների շրջանում ապահովեցինք թոքային օդափոխման 100 սարքերի առկայություն: Եվս 70-ն այս պահին գտնվում է գնման գործընթացում և ևս 100 հատ, այսպես ասած, թեթև տեսակի թոքային օդափոխման սարք ձեռք բերեցինք»,- նշեց վարչապետը:
Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս պահին թոքային օդափոխման սարքին միացված 6 պացիենտ ունենք: Եվ այս ընթացքում այդ պացիենտների թիվը չի ավելացել: