տուն Քաղաքական Վերլուծական Թուրքիա-Հայաստան «չհարաբերությունների» որոշ ասպեկտներ

Թուրքիա-Հայաստան «չհարաբերությունների» որոշ ասպեկտներ

437
0

1serjgyulԻնչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի 12-ին Սևծովյան համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Սակայն որքան էլ տարօրինակ է,  և՛ թուրքական, և՛ հայկական մամուլը այդ այցը ավելի շատ դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում: Թե ինչպիսի սպասելիքներ կարող են լինել այդ այցից՝ դժվար է ասել, սակայն հնարավոր է վեր հանել մի շարք ասպեկտներ:

Նախ նշենք, որ  2015-ին նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը: Այս իրադարձությանը բավական ակտիվորեն պատրաստվում է և՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը: Այս տեսանկյունից Թուրքիայի արտգործնախարարի այցելությունը հայ-թուրքական հարաբերությունների քողի ներքո ներկայացնելը բխում է հենց թուրքական շահերից, քանի որ փորձ է արվում ցույց տալ, որ հարաբերությունների կարգավորման որոշակի գործընթաց է սկսվում: Հիշեցնենք, որ մինչ այս, և՛ ԱՄՆ նախագահներ, և՛ մի շարք եվրոպական երկրներ, պաշտոնապես զերծ են մնացել Ցեղասպանության ճանաչումից այն հիմնավորմամբ, թե չեն ցանկանում վնասել հայ-թուքական հարաբերություններին: Առկա պայմաններում նման հիմնավորումը դառնում է չպատճառաբանված, քանի որ հայ-թուրքական հարաբերություններ փաստացի չկան:

Հաջորդ ասպեկտը ղարաբաղյան հինահարցն է: Գաղտնիք չէ, որ Թուրքիան մշտապես առավել կամ պակաս չափով փորձում է տարածաշրջանում դառնալ խաղացող և այս տեսանկյունից առաջարկում է հայ-թուրքական սահմանի բացման նախապայման՝ նվազագույնը երկու շրջանի հանձնումը Ադրբեջանին: Սա պայմանավորել միայն այն փաստով, որ Թուրքիան և Ադրբեջանը գործընկերներ են, իրականության լիակատար ներկայացում չի լինի, քանի որ դաշնակցային հարաբերություններից զատ Թուրքիան նաև օգտագործում է ղարաբաղյան հարցը` Ադրբեջանից զիջումներ ստանալու համար` օրինակ` էժան գազ ձեռք բերելու հարցում: Բացի այս, ուզենք թե չուզենք,  այն, ինչ առաջարկում է Թուրքիան, հակամարտության կարգավորման որոշակի տարբերակ է, շեշտենք, որ չի քննարկվում այդ տարբերակի որակական բովանդակային կողմը, այլ զուտ նրա առկայությունը:

Հայ-թուրքական հարաբերություններում ակտիվություն մտցնելու հաջորդ ասպեկտը կարող է պայմանավորված լինել տարածաշրջանում նոր իրողությունների առկայությամբ: Սեպտեմբերի 3-ից հետո ակնհայտ է, որ Ռուսաստանը ավելի ու ավելի է ամրապնդելու իր ներկայությունը Անդրկովկասում: Այդ մասին բառացիորեն հայտարարեց Պուտինը`  պետական այցի ժամանկ: Այս տեսանկյունից արդեն հարկ է նշել, որ տարածաշրջանում ստեղծվող նոր իրավիճակում Թուրքիան արդեն կփորձի պահպանել իր ներկայությունը այս կամ այն չափով: Ուշագրավ է, որ այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև վերջերս ԻԻՀ դեսպանի հայտարարությունները՝ Հայաստան ներկրվող իրանական գազի գնի վերաբերյալ: Հասկանալի է, որ այդ հայտարարությունները ավելի լայն բովանդակային ընդգրկում ունեն և միտված են նոր քաղաքական իրավիճակում հարաբերությունների որակական նոր մակարդակին: Վերոհիշյալ իրողությունների առկայության պայմաններում թե ինչ դիրքորոշում կորդեգրեն հայաստանյան իշխանությունները՝ զուտ ներքին խնդիր է, չնայած որ հարկ է շեշտել, առկա վարչակարգը սպառել է ճկուն քաղաքական գիծ տանելու ողջ պաշարը և թերևս ի զորու չէ ստեղծված իրավիճակում կայացնել Հայաստանի Հանրապետության  գերագույն շահերին միտված որոշումներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here