Թուրքական ուժերը մոտ ժամանակներս կհատեն Սիրիայի սահմանը: Էրդողանի խոսնակի այս հայտարարությունն առաջինը հրապարակեց Reuters-ը, լուրը կայծակնային արագությամբ վերահրապարակեցին միջազգային մասմեդիայի ներկայացուցիչները: Այնպես չէ, որ նման սցենարն անկանխատեսելի էր, հատկապես, որ Թուրքիայի առանցքային դաշնակիցներից Միացյալ Նահանգները ըստ էության դեմ էր գործողությունների նման զարգացմանը:
Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցն էլ, փաստորեն, չի մեղմացրել կողմերի դիրքորոշումը: Իսկ երկու երկրների նախագահների զրույցից հետո ընդունված որոշումը հետևյալն է՝ ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիսից՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ ճանապարհ հարթելով թուրքական կողմի առաջխաղացման համար: Ի դեպ, արևմտյան որոշ վերլուծաբաններ նկատում են, որ այս քայլով Դոնալդ Թրամփն արմատապես փոխում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի քրդերի հարցում: Ի պատասխան Սպիտակ տան որոշման առնչությամբ հնչեցվող քննադատությունների՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, թե որքան են իրենք աջակցել քրդերին, նրանց հետ մարտնչել, տրամադրել գումարներ ու անհրաժեշտ սպառազինություն, և որ այժմ Միացյալ Նահանգները մտածում է սեփական զինվորների ու երկրի շահերի մասին: Բնական է, որ Թուրքիայի առաջխաղացումը պաշտոնապես դատապարտել է Դամասկոսը, Անկարայի այդ որոշումը վտանգավոր և կործանարար է որակել նաև Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարությունը: Հատկանշական է նաև ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների:
Թուրքական բանակի հնարավոր առաջխաղացման վտանգավոր շղթան կարող է նաև որոշակի մարտահրավերներ հարուցել Հայաստանի համար: Այս համատեքստում, հարկ է, որ հայկական կողմը զգոն լինի մշտապես և հնարավոր սցենարի դեպքում կարողանա կատարել անհրաժեշտ քայլերը: Մեր ջանքերը՝ կապ հաստատել թուրքագետների և խնդրին քաջատեղյակ փորձագետների հետ և ստանալ անհրաժեշտ մեկնաբանություն թուրք-սիրիական թնջուկի՝ հատկապես Հայաստանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, ապարդյուն էին: Այդուհանդերձ, խնդիրը չի կարող վերաբերել զուտ երկու կողմերին՝ Անկարային ու Դամասկոսին, որովհետև պատերազմի սպառնալիքը մարդկության սպառնալիք է…
Արա Ալոյան