Թուրքիայում իսկական որս է սկսվել «Էրդողանի ռեժիմի թշնամիներ» ոստիկանների դեմ։
Այսօր հայտնի է դարձել, որ կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող կառավարության անդամներին գաղտնալսելու համար ձերբակալվել է ոստիկանության 55 ներկայացուցիչ։ Ըստ տեղի աղբյուրների՝ ոստիկանության դեմ այս օպերացիան իրականացվել է միանգամից 25 նահանգներում։
Միայն Ստամբուլում ձերբակալվել է 30 ոստիկան։ Քննությունը պնդում է, որ կառավարական շրջանակներում կոռուպցիոն մեխանիզմները բացահայտած ոստիկաններն անօրինական կերպով ստեղծել էին «Սելյամ Թաուհիդ» խմբավորումը և անօրինական գաղտնալսումներ էին իրականացրել։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում ոստիկանությունը հայտնել էր կոռուպցիոն մեծ ցանցի բացահայտման մասին։ Կառավարության անդամների կեսը ներկայացրել էր հրաժարականի դիմում, այնուհանդերձ, ոստիկանական այդ գործողությունը Թուրքիայի վարչապետի կողմից որակվեց որպես օտարեկրյա դավադրություն, իսկ ոստիկանության ղեկավարները հայտնվեցին կամ բանտերում կամ հրաժարական տվեցին իրենց պաշտոններից։