Ինչպես գիտենք, վերջին մի քանի օրերի ընթացքում Գյումրիում տեղի է ունենում լայն թափով շինարարական աշխատանքներ`մասնավորապես կառուցվում կամ վերակառուցվում են քաղաքի փողոցները: Այս աշխատանքներն ուղղակիորեն կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ, քանի որ, ինչպես գիտենք, վերջինս այցելելու է Գյումրի, ավելին` մամուլում խոսակցություններ կան այն մասին, որ Պուտինի ինքնաթիռը հենց Գյումրիում է վայրէջք կատարելու: Araratnews.am-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է գյումրեցիների հետ:
58- ամյա Գագիկ Ստեփանյանի կարծիքով՝ լավ է, որ քաղաքում ասֆալտապատում է տեղի ունենում, բայց «էս ամեն ինչը պետք է անեին, ոչ թե Պուտինի գալուց, այլ էն ժամանակ, երբ որ գյումրեցիներն էին դժգոհում, թե սա վիճակ չէ, ավտոները ջարդվան, բայց դե ապրի Պուտինի արևը, ինչ ասեմ, ինքը որ չգար, սրանք քաղաքին տեր էղնողը չէին»,- նշել է Գագիկ Ստեփանյանը:
68-ամյա Լևոն Գալստյանն էլ Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է.«Թող քաղաքիս լավ նայեն մնացածն ինձ հետաքրքիր չէ: Հա դե լավ կլիներ, որ գյումրեցիների տասը տարվա բարձրացրած խնդիրներին վաղուց լուծում տված լինեին, բայց որ էսպես է ինչ անենք, պետք է հարմարվենք: Ինչի՞, մյուս քաղաքներում ամեն ինչ նորմա՞լ է։ Մյուս քաղաքներում էլ կան շատ ու շատ չլուծված խնդիրներ, էնպես, որ թող լավ աշեն քաղաքիս, իսկ թե Պուտինը բդի գա, թե Օբաման՝ ինձ հետաքրքիր չէ, ու կարծում եմ շատերին հետաքրքիր չէ, դրանք բոլորն էլ մի սանրի կտավ են»:
72-ամյա Լարիսա Հակոբյանին չի հետաքրքրում, թե ում են պատրաստվում դիմավորել Գյումրիում և ում պատվին է քաղաքում տեղի ունենում լայն թափով շինարարական աշխատանքներ.«Պուտինը թող գա էլ , գնա էլ, ինձ ինչ, էդ ինձ համար ոչ տաք է, ոչ էլ պաղ, ես մե դարդմ ունիմ, կմտածեմ վառելիքս քչություն չենե ձմռանը՝ թոռներս սառեն, թե չէ ինձ ինչ՝ ով գուկա ու կերթա, կարող է Պուտինը գալիս է, որ իմ կամ մյուս գյումրեցիների խնդիներին լուծում տա, բնականաբար չէ: Աղջիկ ջան, կյանքը մեզի դաս է տվել, որ ոչ մեկի հետ հույսեր չկապենք, որովհետև սաղն էլ սուտասան ու խաբեբա են, չկա մեկը, ով ժողովրդի մասին մտածե: Մեծական խոսք կա, լսե՞լ էս, ասում է`եղունգ ունիս գլուխդ քորե, մենք լրիվ էս վիճակում ենք»:
65-ամյա Կառլեն Հակոբյանը, անդրադառնալով Գյուրիում ստեղծված իրավիճակին, նշել է.«Էս մեյմունությունը ում է պետք, թող մի հատ զավոդ սարքեն՝ մարդիկ էրթան աշխատին, թե չէ Պուտինը բդի գա, Սերժը բդի գա: Հասկացեք, էդ մարդիկ քիչ են հետաքրքրում հասարակ ու սոված մարդկանց, իսկ Լեննագանի կեսից ավելին էսօր սոցիալապես ծանր վիճակում է, ու էդ մարդկանց հեչ հետաքրքիր չէ, թե ով ու ինչի համար բդի գա: Էդ մարդկանց դարդն ու ցավը ուրիշ է: Իրանք կմտածեն, թե ինչ էնեն, որ երեխեքի համար գոնե ցամաք հաց կարողանան առնին: Աղջիկ ջան, գիտես ինչ դժվար է, երբ ծնողը չի կարողանում իրա երեխուն կշտացնի, էդ ծնողի համար մեռնել արժե, իսկ էդ մարդկանց, քու կարծիքով, էլ կհետաքրքրի՞, թե ով ու երբ բդի գա, թող գան էլ երթան էլ, բարով հազար բարի»:
Էմմա Պալյան