ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց պարգեւավճարների մասին: Նա հիշեցրեց՝ պետական ապարատի աշխատողների աշխատավարձի բարձրացում էր խոստացել հեղափոխության ժամանակ՝ 2018 ապրիլի 19-ին: «Դա պարտավորություն էր, որը ստանձնել եմ ժողովրդի առաջ»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ի լուր բոլորի, իր հեռախոսից լսեցնել տվեց խոստման ձայնագրությունը ԱԺ-ից:
Ի դեպ, ծիծաղելի մի դրվագ եղավ: Հեռախոսի ձայնն անջատվել էր, իսկ հետո, երբ այն կարգավորվեց, անմիջապես միացավ, բայց ձայնագրության կեսը լսվեց:
Ի վերջո, տեխնիկական խնդիրները կարգավորվեցին, լսվեց խոստման ձայնագրությունը:
Վարչապետն ասաց, որ եթե խոստումը չկատարվեր, ապա կլինի դարձ ի շրջանս յուր, որոշ պաշտոնյաների երանելի ժամանակաշրջանը, երբ ցածր աշխատավարձ էին ստանում պաշտոնյաները ու լափում էին բյուջեն, «փայ էին մտնում» որոշ բիզնեսների մեջ:
Գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, իսկ դրա համար նա պետք է կտրված լինի կենցաղային հոգսերից: «Եթե ժողովուրդը մտածում է, թե սա վատ որոշում է, թող հետհեղափոխություն անի, հետ բերեն Գագիկ Խաչատրյանին եւ Սերժ Սարգսյանին: Դա լեգիտիմ իրավունք է: Ժողովուրդը կարող է անել հեղափոխություն, մեզ քշի, բերի հին ու բարի ժամանակները»,- ասաց վարչապետը: