Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը։ Քննարկվում է Օրակարգում ներառված «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ մարդիկ վախենում են համայնքների խոշորացումներից, քանի որ հաջողության որևէ պատմություն այդպես էլ չի ներկայացվել նրանց՝ առաջարկելով աշխատել այդ ուղղությամբ։
Քանի որ վերջին նիստն է, Զոհրաբյանը կոչ արեց՝ հաջորդ տարում բոլոր քննարկումներն ԱԺ-ում միայն քաղաքական լինեն և երբեք չանցնեն անձնական սահմանը, քանի որ հետո բոլորն իրենց վատ են զգում։
«Թող լինեն արմագեդոնին հասնող բանավեճեր, բայց միայն քաղաքական բանավեճեր, երբևէ դիսկուրսը չիջեցնենք անձնական հարթակ»,- հայտարարեց նա։
Զոհրաբյանի կոչը ծափահարություններով ընդունեցին պատգամավորները։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, թե հատկապես ուրախ է, որ Զոհրաբյանից է լսում այդ կոչերը։