Ազգային Ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը վաղը չի մասնակցի ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած նիստին: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Նշենք, որ վաղը ԱԺ-ի ոչ իշխանական խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին վիճարկվելու է դեկտեմբերի 23-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազային համաձայնագրերի վավերացման հարցով ԱԺ–ում տեղի ունեցած բանավոր քվեարկության արդյունքները, ինչը խորհրդարանի ոչ իշխանական 4 խմբակցություններն անօրինական են համարում։
«Նիստ գումարելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Եւ օրակարգն է ինձ համար անհասկանալի է, թե ինչ օրակարգով են նիստ գումարում, երբ ոչ հերթական նստաշրջան կա, ոչ էլ արտահերթ: Ի՞նչ է անելու հաշվիչ հանձնաժողովը, եթե նստաշրջան չկա»,-ասում է Ավետիսյանը:
Ըստ նրա՝ քվեարկության արդյունքների հետ կապված ընդդիմադիր ուժերը նիստ գումարելու որեւէ իրավունք չունեն:
«Հանձնաժողովը այդ քվեարկության հետ կապված ինչ գործառույթներ ունեցել է, իրականացրել է: Թող բարի լինեին չբոյկոտեին, իրենք էլ մասնակցեին եւ տեսնեին, որ իրոք այդ 72 պատգամավորը քվեարկել է: Մնացածը իրենց խնդիրն է: Թե իրենք թյուրիմացության մեջ են, թե ընդամենը փորձում են իրենց դերը բարձրացնել, դա արդեն իրենց խնդիրն է»,-նշում է Ավետիսյանը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հավելում է, որ ոչ միայն անձամբ ինքը, այլեւ հանձնաժողովի ՀՀԿ մյուս անդամը՝ Արայիկ Հովհաննիսյանը, չի մասնակցելու նիստին:
«Եթե քվեարկության արդյունքների հետ կապված որեւիցե մի խմբակցություն խնդիր ունի, ուրեմն նրանք կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկել: Հանձնաժողովը որեւիցե խնդիր չունի նիստ իրականացնելու»,-ասում է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեբերի 23-ին Ազգային Ժողովի քվեարկության ժամանակ ձայների բանավոր հաշվմանը մասնակցել են հաշվիչ հանձնաժողովի իշխանական ուժերի երեք անդամները, մնացած ոչ իշխանական խմբակցությունների 4 անդամները բոյկոտել էին քվեարկությունը եւ հրաժարվել մասնակցելուց:
Իսկ Ազգային ժողովի կանոնակագի 24-րդ հոդվածի 5-րդ կետով ասվում է, որ հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:
Լիլիթ Առաքելյան