Այսօր երեկոյան ժամը յոթին կայանալու է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպումը: Ինչպես AraratNews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, երեկ Զվարթնոց օդանավակայանում հայ ֆուտբոլասերները բավականաին ագրեսիվ են դիմավորել Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականին: Ինչպիսի՞ ֆուտբոլային խաղ են ակնկալում մեր թիմից հայ քաղաքական գործիչները, է AraratNews.am-ի թղթակիցը փորձել է պարզելˋ զրուցելով նրանցից մի քանիսի հետ:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն, ով, իր ասելով, միշտ գնացել է մեր հավաքականի խաղերին, այս անգամ ներկա չի գտնվի Հայաստան-Բուլղարիա հանդիպմանը, քանի որ Էստոնիայում է: «Բայց խաղին անպայման կհետևեմ այստեղից և կարծում եմ, որ ուրախանալու առիթ կունենանք։ Համոզված եմ, որ անպայման հաղթելու ենք»,-կարծիք է հայտնել պատգամավորը: Թե ի՞նչ հաշվով կավարտվի խաղը, Հովհաննես Սահակյանը եզրակացություններ չի արել:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը չի գնալու ֆուտբոլային հանդիպմանը, բայց համոզված է, որ Հայաստանի հավաքականը գեղեցիկ ֆուտբոլային խաղ է ցուցադրելու: «Մեր հավաքականի հատկապես արտագնա խաղերը շատ գեղեցիկ ու լավն են, ու ես համոզված եմ, որ այսօր ևս նրանք ցուցադրելու են բավականին գեղեցիկ ու հետաքրքիր խաղ»,-նշել է Մարտիրոսյանը: Իսկ թե ինչ հաշվով կավարտվի խաղը, Արմեն Մարտիրոսյանը ևս չի շտապել կանխատեսումներ անել:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղին չի գնալու, բայց միանշանակորեն կարծում է, որ պետք է հաղթենք. «Ես շատ եմ ուզում, որ հաղթենք, որովհետև բուլղարացիները իրենց շատ վատ պահեցին իրենց մոտ: Իմ տպավորություններով մենք պետք է հաղթենք կամ 2-1 կամ 3-1 հաշվով»,- նշել է քաղաքական գործիչը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն, ինչպես ինքն է տեղեկացրել AraratNews.am լրատվական կայքի թղթակցին, Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղին հետևելու է հեռուստացույցով: «Չեմ գնալու, բայց նայելու եմ, ու նայելու եմ որպես մշակույթ, ինձ համար սիրուն խաղ լինի՝ դա է կարևոր, իսկ թե ով է կրում, ով՝ պարտվում, ինձ համար կարևոր չէ»,- նշել է պատգամավորը, իսկ թե ինչ հաշվով է ավարտվելու խաղը, Արամ Մանուկյանը չի ցանկացել գուշակություն անել. «Սպորտն ինձ համար գեղեցկություն է, ոչ թե՝ իմ ու քո, թող սիրուն խաղ լինի ու ինչպես ուզում է ավարտվի»,- եզրափակել է պատգամավորը:
Բոլոր քաղաքական գործիչները, ում հետ AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է, մեր հավաքականի տղաներին մաղթել են հաջող ու գեղեցիկ խաղ:
Էմմա Պալյան