Այսօր Թբիլիսիում ամփոփվել է Նինոծմինդա-Բավրա անցագրային կետում իրականացված 18-ամսյա ծրագիրը, որն իրագործվել է Եվրամիության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի աջակցությամբ:
Վրաստանում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովը հայտարարել է, որ սա շատ հաջող նախաձեռնություն է, որը վերաբերում է Նինոծմինդա-Բավրա անցագրային կետում համատեղ համակարգի ներդրմանը: Նրա խոսքերով` այսպիսի ծրագրեր գործում են ինչպես Արևելյան Եվրոպայի, այնպես էլ ԱՊհ որոշ երկրներում:
«Սա շատ հաջող մոդել է, որն ընդունված է Եվրամիությունում, և նախատեսում է բաց և անվտանգ սահմանների գոյություն: Համապատասխանաբար նաև մաքսանենգության, թրաֆիքինգի և մյուս երևույթների վտանգների նվազեցում: Վրաստանի և Հայաստանի միջև այս ծրագրի իրականացմանը մասնակցում են նաև Եվրամիության անդամ երկրները, տվյալ դեպքում` Լիտվան և Ֆրանսիան, ասել է Դիմիտրովը` հավելելով, որ այս ծրագրի իրագործման համար ծախսվել է 2 մլն դոլար: Նախատեսված է նաև մոտ 4 միլիոն դոլարի հատկացում նմանատիպ մյուս ծրագրերի համար: