Բրիտանացի գիտնականները կապ են տեսնում ընկերների թվի և ուղեղի զարգացվածության միջև։ Նրանք պնդում են, որ շատ մարդկանց հետ շփումը լայնացնում է ուղեղի այն գոտին, որը պատասխանատու է սոցիալական պահվածքի համար։
«Ընդհանուր առմամբ, գաղափարը նրանում է, որ ձեր ուղեղը վերադասավորվում է համապատասխան ձեր շրջապատի և սոցիալական հմտությունների»,- ասում է Օքսֆորդի համալսարանի աշխատակից Մարիեն Նունենը՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները։
Գիտնականների փորձին մասնակցել է 27-70 տարեկան 18 կամավոր։ Հարցման ժամանակ գիտնականները փորձել են պարզել, թե ինչ թվով մարդկանց հետ են շփվում կամավորները, հաշվի են առնվել շփման բոլոր ձևերը, այդ թվում՝ ոչ ֆիզիկական։ Ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր ավելի շատ մարդկանց հետ են շփվել, ուղեղի «սոցիալական կապերի» համար պատասխանատու հատվածն ավելի լայն է և ուղեղի մյուս հատվածների հետ ավելի շատ կապեր ունի, քան ավելի փակ կյանք վարող մարդկանց մոտ։