տուն Լուրեր Ընդունելություն գյուղնախարարի մոտ

Ընդունելություն գյուղնախարարի մոտ

253
0

16.12.2013-big

Դեկտեմբերի 16-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Իսամ Նայալին՝ վերջինիս խնդրանքով։ Այցը քաղաքավարական էր։

Անդրադառնալով հայ-սիրիական կապերին և մասնավորապես երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առնչություններին՝ նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ դրանք հին ու ավանդական են, որոնք, ցավոք, վերջին շրջանում Սիրիայի քաղաքական ճգնաժամի պատճառով, սառեցվել են։ «Սիրիան Հայաստանի բարեկամ երկրներից է, որ ժամանակին մեծ աջակցություն է ցուցաբերել Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին։ Այսօր էլ այնտեղ մեծաթիվ հայկական համայնք է ապրում, և Ձեր երկրի դժվարություններն ու ցավը նաև նրանն են»,- նշել է նախարարը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Իսամ Նայալին Հայաստանը դասել է Սիրիայի բարեկամ երկրների շարքում, հպարտություն արտահայտել իրենց հայրենակից հայերի համար, որոնցից շատերն անգամ այս դժվար օրերին հավատարիմ են մնում իրենց հյուրընկալ երկրին։ «Հայաստանը անում է ամեն ինչ միջազգային բոլոր հնարավոր ատյաններում հնարավորինս աջակցելու Սիրիայի իշխանություններին և ժողովրդին»,- ասել է նա՝ համառոտ ներկայացնելով ճգնաժամի ներկայիս զարգացումները։

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը, որպես հայ-սիրիական կապերի միջպետական հանձնաժողովի համանախագահ, խնդրել է Նոր Տարվա իր շնորհավորանքները փոխանցել բարեկամ սիրիացի ժողովրդին՝ մաղթելով նրան հաջորդ՝ 2014 թվականին խաղաղություն, որը հնարավորություն կտա վերականգնել ավանդական բոլոր կապերն ու առնչությունները, այդ թվում՝ համագործակցությունը երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների միջև։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here