Հայաստանում ներկայումս ունենք քրեաօլիգարխիկ համակարգ: Այս համակարգի հենասյուներն են հանդիսանում գրեթե ամբողջ տնտեսությունը վերահսկողության տակ վերցրած օլիգարխները: Մի քանի տասնյակի հասնող այս անձինք/ընտանիքները տոտալ վերահսկողություն են իրականացնում ամբողջ տնտեսական և քաղաքական համակարգի վրա: Վերջիններիս միջև հարաբերությունները կարգավորվում են ոչ թե իրավական, սահմանադրական ճանապարհով` ինչը բնորոշ է իրավական պետություններին, այլ քրեական օրենքներով: Հարաբերությունների կարգավորման, հարստության պահպանման երաշխավորը և հիմնական դատավորը հանդիսանում է օլիգարխիկ բուրգի գագաթին կանգնած անձը, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանը:
Օլիգարխիկ համակարգի հիմնական շարժիչ ուժը փողն է, կապիտալը: Սակայն համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի կապիտալը անընդհատ մեծանա: Պետք է անընդհատ տեղի ունենա տիրապետվող հարստության մեծացում, վերահսկվող ոլորտների ու կապիտալի ընդլայնում: Սա գալիս է օլիգարխիայի և օլիգարխների էությունից, ինչպես նաև այս համակարգի գործունեության մեխանիզմներից:
Որքան մեծանում է օլիգարխիայի չափաբաժինը տնտեսության մեջ, այնքան մեծանում է սոցիալական լարվածությունը, իջնում է բնակչության կենսամակարդակը: Սա իր հերթին հանգեցնում է հանրության և վարչախմբի միմյանցից հեռացմանը` իր հետ տանելով նաև վերջիններիս միջև առկա սոցիալական կապերը: Նման իրավիճակում նույն օլիգարխները հայտնվում են հանրության հետ դեմհանդիման` ինչն էլ բերում է անպաշտպանվածության: Դրա հաղթահարման և վերահաս վտանգից խուսափելու համար անհատ-օլիգարխը փորձում է իր պաշտպանությունը կազմակերպել քրեկան տարրերի, ինչպես նաև ուժային կառույցների միջոցով, միաժամանակ ավելի ու ավելի սիրաշահելով բուրգի գագաթին գտնվող անձին: Սա առաջացնում է լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն: Այս ամենից, ինչպես նաև շուկայական տնտեսության տրամաբանությունից էլ բխում է կապիտալի անվերջ ու շարունակական կուտակման անհրաժեշտությունը:
Սակայն կապիտալի անընդհատ ընդլայնումը հնարավոր է, եթե առկա են անսահմանափակ ռեսուրսներ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում դրանք սահմանափակ են, իսկ եթե սրան գումարենք նաև առկա շրջափակումը, ապա ընդլայնվելու հնարավորությունները ուղղակի անբավարար են համակարգի անխափան աշխատանքի համար: Նման պայմաններում պետք է գտնվեն արագ հարստացման նորանոր աղբյուրներ:
Իրավիճակի մեղմացմանն ուղղված քայլ էր հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնությունը` ինչը ոչ վաղ անցյալում պսակվեց անհաջողությամբ:
Նման քայլ էր նաև Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը անդամակցության որոշումը: Իհարկե, սա գուցե ամենաառաջին պատճառներից չէր, սակայն կարևորագույններից էր: Հայկական օլիգարխիան ուղղակի չէր կարող գոյատևել Եվրոպական տնտեսական համակարգի պայմաններում, իսկ ռուսական շուկան, տնտեսությունը լայն հնարավորություններ է բացում վերջիններիս համար` դրանով իսկ երկարացնելով օլիգարխիայի և վերջինիս պարագլխի հարստացման շարունակականությունը:
Սակայն մինչ Մաքսային միությունը կընձեռնի այս հնարավորությունը, վարչախումբը պետք է ինչ-որ ձևով վերահսկի իրավիճակը: Դրա համար կամ պետք է իրականացվեն օլիգարխիայի եկամուտների մեծացմանն ուղղված միջոցառումներ` հնարավորինս կրճատելով բնակչության եկամուտները, կամ պետք է տեղի ունենա կուտակված կապիտալի վերաբաշխում: Երկրորդը վտանգի տակ է դնում համակարգի անխափան աշխատանքը և հղի է ամբողջ վարչախմբի կործանման վտանգով: Իսկ առաջինը այսօր էլ կիրառվում է` դրսևորվելով տրանսպորտի սակագնի բարձրացմամբ, պարտադիր կենսաթոշակային համակարգի կիրառմամբ, կարմիր գծանշումներով կանգառների ներդրմամբ, փոքր և միջին բիզնեսի վրա իրականացվող հարկային ճնշումներով:
Հանրության կողմից` բնակչության, ազգային հարստության հաշվին կապիտալի ընդլայնման գործընթացի ցանկացած սահմանափակում անմիջականորեն հարվածում է գործող համակարգին, թուլացնում վերջինիս հիմքերը: Այդ սահմանափակությունը, ի վերջո, վարչախմբի ներսում հանգեցնում է կոնֆլիկտների` ինչի վերահսկումն ու կարգավորումը կարող է կրել միայն ժամանակավոր բնույթ:
Նման հարված էր գործող համակարգին տրանսպորտի սակագնի թանկացումը թույլ չտալը: Երեկ էլ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ բոյկոտելու են այն պատգամավորների սպասարկման կետերը, որոնք դեկտեմբերի 4-ին դեմ քվեարկեցին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու առաջարկին: Սա առաջին հայացքից ընկալվում է որպես հանրությանը դեմ դուրս եկած անձանց պատժելու քայլ, սակայն բոյկոտի տարածման պարագայում այն կարող է հզոր հարված լինել վարչախմբին:
Իհարկե, բոյկոտը դժվար իրագործելի գործընթաց է, իսկ առանձին անձանց օբյեկտների պարագայում՝ անարդյունավետ: Սակայն համատարած բնույթ կրելու և իշխող վարչախմբին պատկանող բիզնեսները թիրախավորելու պարագայում՝ վերջիններիս համար սա կարող է դառնալ շատ ավելի մեծ խնդիր, քան օրինագծի մեկ տարի հետաձգումը:
Այսպիսով այս նախաձեռնության անդամները խփել են ճիշտ նշանակետին. թե՛ օրինագծի վերաբերյալ պահանջների բավարարումը, թե՛ չբավարարելու դեպքում շարունակական և կազմակերպված բոյկոտը հարվածում է համակարգը պահող միակ արժեքին ու մեխանիզմին` փողի շարունակական ավելացմանը:
Սևակ Մամյան