տուն Քաղաքական Վերլուծական Ճոխ ծնունդ՝ հարկատուներիս հաշվին

Ճոխ ծնունդ՝ հարկատուներիս հաշվին

334
0

YEREVAN

 

Էրեբունի-Երևան տոնակատարությունների վրա կծախսվի շուրջ 200 միլիոն դրամ, ինչը համարժեք է մոտ կես միլիոն դոլարին: Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեն կազմում է մոտ 66 միլիարդ դրամ, իսկ պակասորդը՝ 400 միլիոն դրամ:

Այսինքն Երևանի բյուջեի պակասորդը կարող էր կրկնակի նվազել, եթե Տարոն Մարգարյանը չորոշեր մեր մայրաքաղաքի ծնունդն այդքան  ճոխ նշել: Չնայած միջոցառումների ճոխության և շքեղության վերաբերյալ փաստերը վստահելի չեն: Հայտնի չէ, թե այդ ամբողջ գումարը ինչի վրա է ծախսվում, փաստացի ապահովված չէ ծախսերի թափանցիկությունը` ինչը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի կասկած է հարուցում: Եթե նայում ենք կազմակերպվող միջոցառումների ցանկին, ապա դրանց մեջ լուրջ ծախսերի անհրաժեշտություն գրեթե չկա: Ջրցան մեքենաների երթի համա՞ր է արդյոք մեծ գումարներ հատկացվելու, մայրաքաղաքի հուշարձանների լվացմա՞ն, թե՞ նկարների ցուցադրության:

Ծիծաղ է առաջացնում նույնիսկ հուշարձանների լվացումը որպես քաղաքի տոնին նվիրված միջոցառում ներկայացնելը, և կարծես արտահայտում է քաղաքապետարանի վերաբերմունքը Երևան քաղաքին: Հուշարձանների լվացումը քաղաքապետարանի ամենօրյա պարտավորությունն է, սակայն այս կառույցը կարծես այնքան է մատնվել անգործության և խորացել քաղաքի բյուջեի հաշվին հարստանալու գործիքների փնտրտուքի մեջ, որ արդեն իր պարտավորությունները ներկայացնում է իբրև բացառիկ նվեր երևանցիներին: Երևանցիներին անհրաժեշտ է արժանապատիվ և մատչելի տրանսպորտ, ոչ թե այդ տրանսպորտի մեջ ցուցադրվող գովազդ, անհրաժեշտ են հեծանվուղիներ, ոչ թե առիթից-առիթ կազմակերպվող հեծանվավազքեր, անհրաժեշտ էր և է հին Երևանի պահպանում, ոչ թե հին Երևանից միայն որպես հիշողություն մնացած լուսանկարների ցուցադրություն, անհրաժեշտ է մաքուր Երևան, ոչ թե ջրցան մեքենաների շքերթ:

Սակայն Տարոն Մարգարյանը և իր ղեկավարած մարմինը կարծես այդպես էլ չեն ուզում իրականացնել քաղաքի զարգացման համար ռազմավարական նախագծեր: Տրանսպորտային համակարգի բարելավմանը ուղղված լայն քննարկումների փոխարեն մտածում են, թե ինչպես թանկացնեն տրանսպորտը, հեծանվուղիներ կառուցելու փոխարեն, առանց այն էլ նեղ փողոցների կողային հատվածները տրամադրում են ինչ-որ մասնավոր ընկերության ավտոկանգառներ կառուցելու-գծելու համար, Երևանի պատմամշակութային ժառանգությունը փոխարինում են «գառդոնի» սրտիկներով: Սա է այս մարմնի այս տարվա գործունեությունը. կառուցում ենք «գառդոնից» քաղաք: Երևի Տարոն Մարգարյանը Երևանը շփոթել է նկարահանման տաղավարների հետ, հուսանք այդ ֆիլմի նկարահանումը շուտով կավարտվի:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here