Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի 2704-ամյակի առթիվ շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին և դեռևս միակ խելացի կանգառը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կանգառը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում տեղադրվել է Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ:
«Խելացի կանգառը» կառուցվել է այնպես, որ համապատասխանի քաղաքի նոր ավտոբուսային ցանցին և արտաքին տեսքին:
Նշվում է, որ կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Տարածքում տեղադրված են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորելու համար։ Գործում է հակահրդեհային համակարգ. սրահում տեղադրված արագ արձագանքման կոճակի շնորհիվ, ըստ անհրաժեշտության, կարձագանքի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ուղևորափոխադրումն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով, և ցանկացած պահի կլինի արձագանք նաև իրավասու մարմինների կողմից։
Ստեղծված են բոլոր նախադրյալները տրասնպորտային միջոցին սպասելու մի քանի րոպեները հնարավորինս հարմար ու հաճելի դարձնելու համար։ «Խելացի կանգառն» իր տեսակով Հայաստանում միակն է, որը տրանսպորտային սպասարկման ոլորտում դրեց նոր ուղենիշ: