Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել կորոնավիրուսով վարակված նոր հիվանդների առնչությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ։
Էջմիածնի դպրոցներում աշակերտների հաճախելիության մակարդակը ճշտելու նպատակով Araratnews.am-ը կապ է հաստատել որոշ դպրոցների տնօրինության հետ:
Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցից մեզ հաղորդեցին, որ այսօր աշակերտների հաճախելիությունը շատ ցածր է եղել:
«Այնպես չէ, որ միայն հիվանդ երեխաները չեն եկել, առողջներն էլ չեն եկել: Ծնողներն էլ անընդհատ զանգում են դպրոց՝ բա, մենք վախենում ենք»,- նշեց դպրոցի աշխատակիցներից մեկը:
Դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Սոնա Ղարիբյանն էլ ասաց, որ աշակերտներից 230-ը բացակա են, ներկա են միայն 113-ը: Եվ անգամ դասերին ներկա աշակերտներին ծնողները հերթով գալիս տուն են տանում:
Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթև Մկրտչյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի 281 աշակերտներից 45-ն այսօր բացակա են:
«Բավականին ծնողներ կան, որ ուզում են գան ու երեխաներին տանեն: Իհարկե բուժարանով ենք մենք տուն ուղարկում՝ բժշկի ուղեկցությամբ: Զանգեր ենք ստանում ծնողներից, ովքեր մեզ ասում են, որ երեխաներին դպրոց չեն ուղարկելու, քանի որ կորոնավիրուսի դեպքը Էջմիածնի շրջանում է, ու այդպես խուճապ է ստեղծվել»,- նշեց Տաթև Մկրտչյանը:
Այնուամենայնիվ, դպրոցի տնօրենը նշեց, որ 45 բացակաների շարքում կան նաև աշակերտներ, ովքեր սեզոնային վիրուսներով են վարակվել:
«Միայն երեկ մոտ 20 հոգի բժշկի է այցելել: Դե, ամեն օր բուժքույրը գալիս է դպրոց, ու մենք ախտահանում ենք: Դա է պատճառը, որ աշակերտները նորմալ հաճախում են՝ դպրոցի նկատմամբ վստահություն կա, բայց այսօր խուճապն արդեն մեծացավ: Բազմաթիվ զանգեր եմ ստացել ծնողներից ու չեմ էլ կարող պարտադրել, որ աշակերտները հաճախեն»,- հավելեց տնօրենը:
Գայ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սոնա Սայադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտների հաճախելիությունը նորմալ է դպրոցում, և, որ այսօր բացակայությունների արտասովոր թիվ չի գրանցվել: