Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է, որ պատրաստվում է պարզել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Իտալիայի քաղաքացիներին գաղտնալսելու հանգամանքները, ինչպես նաև պարզել իրավիճակը վերջերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկության մասին, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ևս մտադիր են եղել գաղտնալսել G20 խմբի երկրների ղեկավարներին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած սամիտի ժամանակ:
Այս հարցերին վերաբերող պարզաբանումներ ստանալու նպատակով վարչապետ Էնրիկո Լետտան իր օգնական, երկրի տեղեկատվական անվտանգության պատասխանատու Մարկո Միտինիին երկրի անվտանգության հարցերով միջնախարարական հանձնաժողովի նիստ գումարելու մանդատ է շնորհել: Նիստի շրջանակներում քննարկվելու են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Եվրոպայի քաղաքացիներին գաղտնալսելու, ինչպես նաև G20 խմբի երկրկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգում ռուսական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսելու հարցը: