տուն Քաղաքական Հայաստան Էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ 2021-ը լինելու է աճի տարի

Էկոնոմիկայի նախարարի կանխատեսմամբ 2021-ը լինելու է աճի տարի

297
0

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի տնտեսությունը վերականգնվի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրայանն ասաց.

«Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Գնահատականները տարբեր են, տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5 տոկոս անկում կարձանագրվի՝ և զարգացած, և զարգացող տնտեսություններում: Եվ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021 թվականին նույն այդ տնտեսությունները կվերակագնվեն նույն չափով: Այսինքն՝ գնահատականները նորից 5 տոկոսի սահմաններում աճի հնարավորությանն են վերաբերում»:

Նախարարի կարծիքով՝  2021 թվականը հիմնականում լինելու է այն տարին, երբ կորցվածը պետք է վերականգնվի. «Մենք չենք կարող և չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում նոր իրականության մեջ մենք պետք է դիրքավորվենք այնպես և աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք մրցունակ են, պահանջված են և երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ: Կարծում եմ, որ 2021 թվականը լինելու է աճի այն տարին, երբ կորցվածը քանակական ցուցանիշների տեսքով հիմնականում հետ է բերվելու»։