AraratNews.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը այսօր քննարկելու է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի:
«Մենք նիստի ընթացքում ներկայացրեցինք մեր մոտեցումները և այն նպատակը, որի համար դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովի անդամների հետ ակտիվ քննարկում է եղել: Այս պահին չեմ կարող ավելին ասել, քանի որ դեռ որոշում չկա, և դեռ հանձնաժողովը պետք է լսի նաև Մանվել Բադեյանի տեսակետը»,-AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, ով այսօր ներկա էր հանձնաժողովի նիստին:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ դեռևս որոշում չկա, և քանի որ հանձնաժողովի կազմի փոփոխություն է տեղի ունեցել, իրենք ևս մեկ անգամ կողմերի հետ կքննարկեն խնդիրը՝ վերջնական պարզաբանումներ անելու համար. «Մենք լսեցինք եզդի համայնքի ներկայացուցիչների տեսակետը և կլսենք նաև պարոն Բադեյանի տեսակետը, որից հետո կլինի որոշում»,-եզրափակեց Հովհաննես Սահակյանը: