Հայաստանի Հանրապետությունում Զինված ուժերի կողմից մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում հայտարարված զորահավաքից հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների 7-10%-ը 5-10 օրով մեկնել է վարժական հավաքների: Այս մասին սեպտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:
«Սեպտեմբերի 24-ից զինվորական կոմիսարիատները տագնապով բարձրացվել են: Ազդանշանը ուղարկել ենք բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, բոլոր համայնքներում բացազատվել են ծանուցման տեղամասեր, իսկ զինվորական կոմիսարիատներում բացազատվել են զինապարտների և տեխնիկայի նախնական ընդունման կետեր: Ներկայացած անձանց 7-10%-ին ներգրավել ենք 5-10 օր վարժական հավաքների: Մեր բանակն օր օրի զարգանում է նոր սպառազինությամբ, նոր տեխնիկայով, ներգրավել ենք հիմնականում այն մասնագետներին, որոնք անհրաժեշտություն ունեն ծանոթանալու նոր տեխնիկային: Ամսի 25-ին պլանով նախատեսված անձնակազմը ներկայացել է զինապարտների տեխնիկայի ընդունման կետեր, և բոլորին ուղղորդել ենք դեպի իրենց կցագրված զորամասեր»,- ասաց Ավթանդիլյանը:
Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնակատարը նշեց, որ ծանուցում ստանալուց հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների թիվը շատ մեծ է եղել, իսկ չներկայացածներին նախատեսում են ենթարկել վարչական պատասխանատվության:
«Թվաքանակի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Մեր քաղաքացիները, պահեստազորում կցագրված մեր զինապարտները, բոլորը ժամանակին ներկայացել են, տրամադրվածությունները եղել է բարձր: Մեր քաղաքացիները պատրաստ են ցանկացած պահի նշված ժամկետներում ներկայանալ, և մարտական խնդիրը կատարել»,- նշեց գնդապետը:
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ—ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի:
Զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: