Օրերս ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում վիրավորական արտահայտություն էր թույլ տվել եզդիական համայնքի հասցեին:
Պատգամավորի այս արտահայտությունից հետո եզդի համայնքի երիտասարդները Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք ԱԺ պատգամավորին բերել էին զուգարանի թուղթ՝ առաջարկելով պատգամավորին եզդիներին վիրավորելուց հետո մաքրել բերանը:
Այս միջադեպից հետո եզդի երիտասարդներին հանդիպեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հանդիպման ընթացքում ներողություն էր իր կուսակցի անունից, սակայն եզդի համայնքը այս ամենով չի բավարարվել։ Քանի որ անձամբ Մանվել Բադեյանը հրապարակային ներողություն չի խնդրել, նրանք դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողովին:
Էթիկայի հանձնաժողովին դիմելու կապակցությամբ՝ Եզդիների ազգային կոմիտեյի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն ասաց. «Եթե կա ոտնահարվող իրավունք, տրամաբանորեն պետք է լինի համապատասխան քայլ, որը տվյալ պարագայում մեր սիմվոլիկ նվերն էր Բադեյանին: Իսկ հետո պետք է վերականգնվի ոտնահարված իրավունքը: Տվյալ դեպքում հարցում իրավական լուծում կարող է տալ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովը, որին «Սինջար» եզդիների ազգային միավորման հետ դիմեցինք: Իսկ եթե պատասխանը բացասական կամ ոչ խելամիտ եղավ, անձամբ Եզդիների ազգային կոմիտեի անունից հայտնում եմ, որ գործի կդրվեն այլ ազդակներ: Իրավունքը պիտի վերականգնվի եւ վերջ: Ոչ ոք իրավուք չունի վիրավորել ՀՀ քաղաքացուն, անկախ նրանից հայ կլինի եզդի, թե՝ հույն: ԱԺ էթիկայի հանձնաժողովը պիտի հաստատի այս պնդման հավաստի լինելը»,- ասաց մեր զրուցակիցը: Սաշիկ Սուլթանյանը նաև վստահեցրեց, որ իրենք չեն հանդուրժի իրենց դիմումի անտեսումը և չեն պատրաստվում մոռացության մատնել այս միջադեպը:
«Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ, dengeezdia.com կայքի խմբագիր Ուսո Նադոյանը չի ընդունում Բադեյանի «ջայլամային» պահվածքը և կարծում է, որ նա ի վերջո պետք է տղամարդկություն ցուցաբերի և ընդունի իր սխալը. «Ի վերջո իր կուսակից ընկերները ընդունել են, որ Բադեյանը սխալ է և հիմա ժամանակն է, որ ինքը ևս ընդունի: Մենք մեկ անգամ ևս ՀՀԿ-ին հավատացինք և սպասեցինք որոշ ժամանակ, քանի որ մեզ խոստացել էին, որ Բադեյանն անձամբ ներողություն կխնդրի և դա կանի հրապարակային, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, ՀՀԿ-ն իր դեմքը պահեց»,-ասաց Ուսո Նադոյանը araratnews.am-ի հետ զրույցում: Նա նույնպես համոզված ասաց, որ եզդիները այս հարցում միավորված են, և այս անգամ ՀՀԿ-ին չի հաջողվի «գլուխ արդուկելով» փրկի իր դեմքը:
«Քանի որ սիմվոլիկ զուգարանի թուղթը չօգնեց Մանվել Բադեյանին հասկանալ, որ ինքը սխալ է՝ մենք դիմել ենք ԱԺ էթիկայի հանձնաժողով: Կարծում ենք արդյունքի կհասնենք»,-եզրափակեց իր խոսքը Ուսո Նադոյանը: