Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցը արժանացավ բազմաթիվ քննադատությունների՝ թե՛ իշխանական շրջանակներից և թե՛ընդդիմադիր հատվածից։ Նրա հարցադրման վերաբերյալ ոչ միանշանակ կարծիք հայտնեցին նաև իր կուսակիցները, իսկ ոմանք նույնիսկ նրան մեղադրեցին իշխանությունների հետ պայմանավորվածության մեջ։ Իհարկե՛, պայմանավորվածության վերաբերյալ, բացի մի քանի թույլ դիտարկումներից, որևէ հիմնավոր փաստարկ չներկայացվեց։ Սակայն այն, որ հետագայում վարչախումբը, օգտագործելով իր ինֆորմացիոն լծակները, այս ամենն օգտագործեց հօգուտ իրեն՝ փաստ է։
Իշխանությունների համար ավելի նախընտրելի կլիներ ինֆորմացիոն բլոկադան, ինչը որոշ դեպքերում հաջողությամբ կարողանում են իրականացնել։ Սակայն ելնելով ուղիղ հեռարձակումից, սոցիալական ցանցերում ինֆորմացիայի ակտիվ տարածումից, ինչպես նաև այն փաստից, որ ինֆորմացիան կարելի էր փակել միայն այդ պահին, բայց հետագայում միջազգային մամուլում տարածման շնորհիվ տարածման երկրորդ ալիքով հասնելու էր հայ ընթերցողին՝ իշխանական մեդիափորձագետները կիրառեցին այլ մարտավարություն՝ «ինչ եղել՝ եղել է, գոնե մի օգուտ քաղենք» սկզբունքով։
Ամբողջ մեդիադաշտը լծվեց այս ինֆորմացիայի և կատարվածի քննադատության ու գովաբանության տարածմանը։ Նպատակն էր այդ օրը հնչեցված մյուս հարցերը թողնել ստվերում․այդպես էլ լայն քննարկման առարկա չդարձան Սերժ Սարգսյանին ուղղված մյուս պատվիրակների հարցերը, որոնք վերաբերում էին, թերևս, այս պահին ամենակարևորին․ Մաքսային միությանը, ղարաբաղյան հիմնախնդրին և այլն։ Բավական լավ իրագործված մեդիամանիպուլյացիայի արդյունքում հնարավոր եղավ երկրորդական պլան մղել նույնիսկ Տիգրան Սարգսյանի բացահայտումը այն մասին, որ մինչ այժմ գազի գնի վերաբերյալ պայմանագիր կնքված չէ։
Փաստորեն Զարուհի Փոստանջյանը, կամա թե ակամա, իշխանական մեդիայի, սոցցանցերի օգտատերերի օգնությամբ շեղեց հանրության ուշադրությունը պետության և հանրության համար կարևոր բազմաթիվ այլ խնդիրներից։ Մոտավորապես «կոտրվող արձանների» կամ «աղանդավոր աստղերի» նման։ Ինչևէ, եղավ այն, ինչ եղավ. մնում է ֆիքսել այս ամենը և հետագայում խուսափել նման մեդիածուղակներից։
Սևակ Մամյան