Այսօր AraratNews.am-ի խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի, որը նախորդ հանգստյան օրերին զբոսաշրջիկների էր տարել Գյումրի, և բողոքում էր ստեղծված, իր բնորոշմամբ, արհեստական խոչընդոտներից։
Քաղաքացին գանգատվում էր Գյումրիի գնացքի տոմսերի վաճառքի գործընթացից: Նրա վստահեցմամբ, կայարանից հնարավոր է միայն դեպի Գյումրի գնացող միակողմանի տոմս գնել. «Հետադարձի տոմս գնելու տարբերակ ընդհանրապես չկա: Տոմսավաճառները պատճառաբանում են, որ իրենց մոտ գործում է ՀԴՄ կտրոնների «Մերկուրի» համակարգը, ուստի երկկողմանի տոմսեր վաճառելու հնարավորություն նրանք գործնականում չունեն: Տեղացի լինելով հանդերձ, ինձ նման գործելակերպը չի գոհացնում, էլ ուր մնաց՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին գոհացնի: Ինչպես են միջազգային համակարգում աշխատեցնում, թող այնպես էլ Գյումրիինը անեն, որպեսզի զբոսաշրջիկն իմանա իր կոնկրետ գործողությունները»: Քաղաքացու պնդմամբ, դեպի Գյումրի գնացող գնացքի տոմսը նախապես գնելը գործնականում հնարավոր չէ. պետք է 40 րոպե առաջ գնան կայարան ու ձեռք բերեն այն:
«Երկաթուղու թանգարանն էլ կիրակի օրով փակ էր: Գոնե դա բաց լիներ, որ տուրիստները գնացքին սպասելու ընթացքում մի բանով կզբաղվեին, կայցելեին թանգարան, կծանոթանային մեր երկաթուղու պատմությանը»,- հավելեց քաղաքացին:Պարզաբանման նպատակով AraratNews-ը կապ հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի հետ: Ռուբեն Գրդզելյանը հաստատեց Գյումրու գնացքի միակողմանի տոմսերի վաճառքի փաստը՝ մեկնաբանելով, որ դա պայմանավորված է համակարգի գործունեությամբ: Իսկ հարցին, թե ինչու է երկաթուղու թանգարանը կիրակի օրերին փակ լինում, այն դեպքում, երբ այցելուները հիմնականում շաբաթ և կիրակի օրերին են թանգարան գնում, եւ, բացի այդ, ընդունված է, որ թանգարանները երկուշաբթի օրերին ենփակ լինում, Գրդզելյանը պատասխանեց. «Մի օր պե՞տք է, որ այդ մարդը հանգստանա: Շաբաթվա մեջ հո 7 օր չի՞ աշխատելու: Մեր ընկերությունն այդ թանգարանը իր նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ է բացվել, որպեսզի պահպանվի երկաթուղու կառուցման պատմությունը: Մասնագիտական թանգարանները նախարարությանը ենթակա չեն: Բոլոր օրերին էլ, խնդրեմ, թող գան՝ հաճախեն, և ամեն ինչ իրենց անվճար կներկայացվի՝ բացի կիրակի օրերից, երբ այդ տարիքով մարդը հանգստանում է (թանգարանի աշխատակցին նկատի ունի- հեղ.)»:
Օլյա Շահինյան