Քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերը հնարավոր են օպտիմալացնել, անդրադառնալով հանձնաժողովի քվեարկությամբ հաստատված Երևանում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկին, Araratnewsam-ի հետ զրույցում նշել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը. «Պարզ երևում էր, որ հանձնաժողովի եթե ոչ գերակշռող մասն, ապա մի ստվար զանգված փաստաթղթին ծանոթանում էին տեղում, այսինքն աշխատանքային հանձնաժողովը քվեարկություն էր կատարում առանց ուսումնասիրությունների: Ես ես համարեւոմ եմ անընդունելի գործոն: Երկրորդ, ես առաջարկել եմ քվեարկելիս հաշվի առնել` արդյո՞ք մենք գործ ունենք նվազագույնի հետ, թե ոչ»: Ըստ նրա, երրորդ կարևոր կետն այն է, որ քաղաքականության մշակման հարց դեռևս չի քննարկվել, այնինչ, ըստ Պիպոյանի, հանձնաժողովը առաջին հերթին պետք է քվեարկեր քաղաքականություն ունենալու համար. «Այսինքն ոչ թե հաշվի առնենք, որ այսօրվա վիճակն այսպիսին է և հասկանանք ինչպես կարող ենք ունենալ վաղվա վիճակը՝ ոչինչ չփոխելով, այլ պետք է առաջին հերթին հասկանալ, թե գլոբալ ինչ փոփոխությունների կարիք կա: Օրինակ ես հարց եմ տալիս, թե վաղն, ասենք, հանրապետության գծատերերը հավաքվում ու որոշում են, որ սպասարկելու են քաղաքացիներին 400 դրամով, և քաղաքապետարանին ներկայացնում են այդ հաշվարկը, ինչի հետևանքով քաղաքը կհայտնվի կոլապսի մեջ»: Բաբկեն Պիպոյանի համոզմամբ, պետությունը պետք է մասնակցություն ունենա ոլորտի կարգավորման գործում:
«Պետությունն այսօր գործընթացին մասնակցություն չունի, իսկ առանց պետության մասնակցության, նման կարևոր խնդիրը լուծել հնարավոր չէ»,-ասել է նա:
Պիպոյանը մտահոգություն է հայտնել նաև հասարակության ու լրատվամիջոցների` ուղեվարձի գնի ձևավորման փուլում ցուցաբերած պասիվությունից ու անտարբերությունից:
«Վերջին նիստում շատ քիչ լրագրողներ կային, խնդիրն ուղիղ եթերում չլուսաբանվեց, ինչպես արվեց նախորդ նիստում: Հասարակության մոտ այդ պասիվությունը նկատվում է, որը ցավոք լավ բանի չի բերի»,-նշել է ՀԿ ներկայացուցիչն ու ընդգծել, որ ավելի լավ է ու ճիշտ, երբ պայքարի մեջ են մտնում ի սկզբանե, այլ ոչ թե հետո բողոքավորի կերպարով սկսում են բողոքել, թե բերել փաստի առաջ եք կանգնեցրել: Բաբկեն Պիպոյանը նշել է, որ ինքն այդպես էլ չի կարողանում հասկանալ ինչպես են գրեթե միաձայն կողմ քվեարկել, երբ ինքը հստակ ներկայացրել է, որ առնվազն հնարավոր չէ քվեարկել, և որ եղել է ուսումնասիրության անհրաժեշտություն:
Էմմա Պալյան