«Սինգապուրի հետ եզակի համաձայնագրի ստորագրումը, Իրանի համար պատմական իրադարձությունը, Արևմուտքի հիվանդագին արձագանքը Սերբիայի կողմից իր արևելյան գործընկերների հետ կնքված պայմանագրերի առկայությանը. այս բոլորը ներկայացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որը մեծ նորություններ է խոստանում: Երևանում տեղի ունեցող գագաթնաժողովի վրա ուշադրությունը սևեռված է ևս մեկ պատճառով` ԵԱՏՄ-ն շուտով դառնում է հինգ տարեկան»,- այս մասին գրում է РИА Новости-ն:
РИА Новости-ի հաղորդմամբ, այս տարի Հայաստանի մայրաքաղաքը ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչներին է դիմավորելու, այլև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին, Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիին: Այնուամենայնիվ, Երևանում առանձնակի հետաքրքրությամբ սպասում են Վլադիմիր Պուտինին:
«Եվ քանի որ Հայաստանում տեղի ունեցավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում փոխվեցին երկրի իշխանությունները, ղեկավարների բոլոր երկկողմ հանդիպումները կայացել են կամ Մոսկվայում, կամ՝ այլ պետություններում: Հետևաբար՝ քաղաքական էլիտան և սովորական քաղաքացիները սպասում են Պուտինի գալիք այցին, որի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է: Չնայած նրան, որ այս ուղևորությունը հիմնականում կապված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ, Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ»,- նշել է РИА Новости-ին:
«Երևանում կարևոր հյուր է Սինգապուրի վարչապետը: Նա ժամանել է Երևան հանդիպումից երեք օր առաջ, սա նրա առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Բացի հայ գործընկերոջ հետ հանդիպումից, Լի Սյեն Լունը ներկա կլինի ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը… Լի Սյեն Լունի այցը պատասխան այց է, քանի որ հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Սինգապուր: Այնուհետև կողմերը ստորագրել էին հինգ համաձայնագիր՝ զբոսաշրջության, հարկերի, մշակույթի, արվեստի, վերապատրաստման ոլորտներում համագործակցության մասին»: