Քաղաքապետարանը սեփական բազան է ստեղծում նաեւ կանաչապատման ոլորտում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները:
Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Մշակվում է տնկարանային համալիրում բազմամյա ծաղիկների ներդրման ծրագիր, որպեսզի կարողանանք ինքներս մեր ռեսուրսներն օգտագործել: Արդեն առաջիկայում որոշ հատվածներում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով:
Այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը»,- գրել է Կարապետյանը: