տուն Քաղաքական Վերլուծական Երևանի քաղաքապետարանը Գյուղ.-ի ուսխորհուրդը չէ

Երևանի քաղաքապետարանը Գյուղ.-ի ուսխորհուրդը չէ

383
0

տարոն7

Այսօր Տարոն Մարգարյանը հրավիրել է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Տեսնելով քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը`արտահերթ նիստ հրավիրելու մասին, կարելի էր կարծել, որ մայրաքաղաքում ինչ որ արտակարգ իրավիճակ է, կամ նիստը հրավիրվել է քաղաքի առջև ծառացած առաջնային խնդիրները քննարկելու համար: Ակնկալիքով, որ կքննարկվի Փակ շուկան (այժմ` Երևան Սիթի) փակելու և այն իր նախկին տեսքին վերադարձնելու հարցը՝ բացեցի նիստի օրակարգը: Օրակարգի կետերն էին.

1) «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։

2) «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։

3) «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին։

4) Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N558-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։

5) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

Փաստորեն Երևանի քաղաքապետարանի կարևորագույն գործառույթն է դարձել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ բաժանելը: Իսկ այս գործառույթի ամենակարևոր բաղկացուցիչն է` փորձել այդ կոչումները բաժանել հատկապես Երևանի ավագանու հանրապետական խմբակցության անդամներին: Տարոն Մարգարյանը մինչև այժմ կարծես չի հասկացել, որ Երևանի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է, որի առաջնային դերն է քաղաքային տնտեսության վարումը, Երևան քաղաքի բնակիչների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծումը և քաղաքի զարգացման ծրագրերի մշակումը: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանը շփոթել է դպրոցական աշակերտական խորհուրդների կամ իր բուհի ուսանողական խորհուրդների հետ, որոնց հիմնական գործը պատվոգրերի տպագրությունն և բաժանումն է, ասմունքի և երգեցողության միջոցառումների կազմակերպումը: Իհարկե, Սերժ Սարգսյանը, դեռևս ամիսներ առաջ, նրան խորհուրդ էր տվել ամեն ինչ գեղեցիկ անել, սակայն մի բան առնվազն հստակ է՝ սեփական խմբակցության անդամին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում տալը մի քիչ գեղեցիկ չէ, մանավանդ որ այդ պատվավոր քաղաքացին իր հանցավոր լռությամբ, համաձայնությամբ կամ Նարեկ Սարգսյանի հետ համագործակցությամբ՝ Երևանի ճարտարապետական տեսքը աղավաղած Լևոն Իգիթյանն է: Այս պայմաններում մնում է մի տարբերակ. գտնել այս երեխայի վրա մեծ ազդեցություն ունեցող ինչ-որ մեկին, ով վերջինիս կբացատրի, որ Երևանի քաղաքապետարանը իր Գյուղ.-ի ուսխորհուրդը չէ:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here