Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամենօրյա ռեժիմով ախտահանում է Երեւանի կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլ հանրային վայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով` «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկը նաև ջրցան մեքենաներով ախտահանում է փողոցները:
«Ախտահանման աշխատանքները աջակցություն են ստանում նաև հասարակական սեկտորից: Շնորհակալություն հայտնելով համայնքի աջակիցներին՝ այնուհանդերձ, հորդորում ենք բոլորին՝ նման կարգի աջակցության դեպքում անպայման համաձայնեցնել աշխատանքները քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աշխատանքը համակարգելու և անվտանգության նկատառումներով: Հատկապես արտակարգ դրության պայմաններում աշխատանքները պետք է համակարգված լինեն»,- գրել է Կարապետյանը: