1990-ականներից բնապահպանական խնդիրները Հայաստանում գրեթե մշտապես օրակարգային են: 90-ականների սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր կործանարար ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի բնության վրա, ոչնչացվեցին հսկայական քանակությամբ անտառներ, որոնց վերականգնման համար տասնյակ տարիներ կպահանջվեն: Սակայն շեշտելով բնությանը հասցված վնասները, միաժամանակ պետք է նշել, որ շրջափակման պայմաններում, երբ լուծվում էր մի ամբողջ ժողովրդի լինելիության հարցը, բազմաթիվ, այդ թվում և բնապահպանական խնդիրները մղվեցին երկրորդ պլան: Սակայն ներկայում դրանք վերաճում են արդեն պետական խնդրի: Արարատի մարզում գործող «Մեծն Հովհան», «Ավազահատիկ», «Ֆիրմա Մարտին» ընկերությունները, որոնք զբաղվում են ավազի հանքահանությամբ, պարզապես «նվիրում» են Հայաստանի պետական հողերը Թուրքիային` առանց Թուրքիայի որևէ միջամտության: Վերոհիշյալ ընկերությունները գետի ափից արդյունահանելով ավազը լայնացրել են հունը, ինչի արդյունքում գետը խորացել է դեպի ներս` ի վնաս Հայաստանի տեղաշարժելով պետական սահմանը: Այս ընկերությունները, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո պատկանում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչպես գրեթե ամեն ինչ Արարատի մարզում: Այստեղ արդեն պարզ է դառնում, թե ինչպես սեփական բիզնեսի բարգավաճման հաշվին երկրի «երկրի երկրորդ դեմքը» տեղաշարժում է Հայաստանի պետական սահմանը: Սա արդեն այն դեպքն է, երբ վսեմ հայրենասիրական ճառերի ետևում ոչնչացվում է պետական հողը, իսկ բնապահպանական խնդիրը դառնում երկիրը կորցնելու վտանգ: Նման օրինակներն, ի դեպ, բազմաթիվ են և չեն սահմանափակվում միայն Հովիկ Աբրահամյանի կամ մյուսների գործունեությամբ` ասել կուզի խնդիրն այստեղ միայն Հովիկ Աբրահամյանը չէ, այլ այն համակարգը, որն ապահովում է այսօրինակ անհատների կամայականությունները` լինի դա ավազի արդյունահանում, որի արդյունքում փոքրանում է առանց այն էլ մի բուռ Հայաստանը, թե շաքարավազի մոնոպոլիա: Հուսալ, որ այս իրողությունների հրապարակումը որևէ բան կփոխի, մեծ հաշվով միամտություն կլինի, ուստի արձանագրենք, որ նշված և բազմաթիվ այլ չնշված հիմնախնդիրների լուծումները հնարավոր կլինեն միայն Հովիկ Աբրահամյանով հանդերձ առկա վարչախմբի հեռանալուց և համարժեք պաասխանատվության ենթարկվելուց հետո:
Տեսանյութն` այստեղ
Աղասի Մարգարյան