Հոլանդիայի առաջնության «Ռոդա»-«Այաքս» խաղում իր գեղեցիկ խաղով բոլորին զարմացրել է ամստերդամցիների 17-ամյա պաշտպան Ժայրո Ռիդևալդը, ով 88-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում դարձել է հաղթական գոլի հեղինակ։ Այս մասին հաղորդում է «Այաքսի» պաշտոնական կայքը։
«Զարմանալի է։ Երևի թե մեկ շաբաթ առաջ «Այաքսի» երկրպագուները նույնիսկ չգիտեին, թե ով եմ ես։ Իսկ հիմա նրանք վանկարկում էին անունս, ծափահարում ինձ։ Անհավանական է», — ասել է պաշտպանը։
Ռիդևալդը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ իր մեկնարկային խաղում։ Երեկ նա 17 տարեկան 104 օրական էր։ Սա թույլ է տվել գերազանցել լեգենդար Մարկո վան Բաստենի ցուցանիշը, ով 17 տարեկան 154 օրականում դարձել էր ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ էր խփել Հոլանդիայի առաջնությունում։ Դա տեղի էր ունեցել 1982 թվականի ապրիլի 3-ին։