Հասարակական գործիչ Արման Մուշեղյանի եւ մի քանի երթուղիների գծատերերի հետ բանակցությունները փոխհամաձայնությամբ չեն ավարտվել:
Նա առաջարկել էր 4, 17 եւ 30 համարի երթուղային ավտոբուսների գծատերերին շահագործել այդ երթուղիները եւ գումարը մարել ժամանակի ընթացքում, մինչդեռ գծատերերը հրաժարվել են: Այս մասին Araratnews.am-ին ասում է Արման Մուշեղյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արման Մուշեղյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում էր արել, որտեղ մասնավորապես նշված էր. «Եթե կա որևիցե գծատեր, ով դժգոհ է պայմաններից և հրաժարվում է 100 դրամով սպասարկել, ապա ես պատրաստ եմ վերցնել այդ գիծը՝ գծատիրոջ ամբողջ գույքով: Կարող ենք գնահատել նրա գույքը, և պարտավորվում եմ խելամիտ պայմաններով ու ժամկետում մարել այդ գումարը»:
«Այդ երթուղիների ավտոբուսները ոչ ամբողջովին էին շահագործվում, չնայած եթե ես տնօրինեի, ադեն բոլորն էլ ինձ կտրամադրեին: Ի սկզբանե ես ասել էի, որ պատրաստ եմ վերցնել տնօրինությունը եւ ընթացքում մարեմ այդ գումարը, բայց իրենք գումարը նախապես էին ուզում: Այսինքն իրենք պատրաստ էին վաճառելու, ոչ թե տրամադրելու: Մյուս կողմից, հասկանալի են իրենց ռիսկերն էլ: Տրամադրելով ինձˋ իրենք էլ ռիսկի էին գնում, որովհետեւ այդ դեպքում ես դառնում եմ շատ շատերի թիրախը»,-ասում է Մուշեղյանը:
Նա նշում է, որ այդ երթուղիների գծատերերերը այլ երթուղիներ էլ ունեն, եւ քանի որ ինքը չէր կարող միանգամից գումար վճարել, կամ գույք գրավ դնել միանվագ գումար վճարելու համար, բանակցությունները մտան փակուղի:
«Փոխզիջման չգնացինք, ես էլ դա հասկանալով, որովհետեւ մարդիկ երկար տարիներ աշխատել են եւ ենթադրվում է, որ իրենց ոլորտում շատ բաների վրա աչք են փակում Երեւանի քաղաքապետարանը, ոստիկանությունը, հարկայինը: Իսկ իմ դեպքում դա հաստատ չէր լինելու այդպես, ես վստահ եմ»,-նշեց Արման Մուշեղյանը:
Լիլիթ Առաքելյան