Կորոնավիրուսից լավացել և այսօր տուն է գնացել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32–ամյա մի պացիենտ. Facebook սոցցանցի իր էջում երեկայան լավ լուր է հայտնել Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։
«Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28–ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով, 3-րդ աստիճան շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին»,–գրել է Պողոսյանը։
Նրա խոսքով` վերակենդանացման բաժանմունքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները` բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ, օր ու գիշեր պայքարել են հիվանդի կյանքի համար: Արդյունքում այսօր արդեն իսկ առողջացած պացիենտը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքել է բժշկական կենտրոնը: