Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը սպասում են իրենց առաջնեկին։ Փոքրիկը լույս աշխարհ կգա հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին: Ինչպես նշեց մեզ հետ զրույցում ապագա մայրիկը, «լուրը ստացանք հիվանդանոցում, ստուգումներից հետո: Չնայած, նախօրոք երկուսս էլ նապապատրաստված էինք դրական պատասխանի»: Լեոնորայի հղիությունը 2 ամսական է, և զույգը դեռ չի մտածել բալիկի անվան մասին. «Չնայած… Համոզված եմ, Վիգենի մոտ կա տարբերակ, սակայն չի արտահայտվում», — կատակում է երգչուհին: Չնայած այն բանին, որ հղիությունը բավականին բարդ է ընթանում, Լեոնորան չի պատրաստվում լքել բեմը. «Իհարկե, սկզբնական շրջանն է եւ շատ ծանր եմ տանում: Սակայն դա չի խանգարի կարիերային: Ավելին՝ կնպաստի, որ նա դեռ չծնված լսի ճիշտ երաժշտություն»: Ըստ ապագա ծնողների, նրանք աղջիկ են սպասում. «Միշտ պատասխանել եմ, որ առաջին երեխաս պետք է աղջիկ լինի: Սակայն դա մեր ուզելով կամ որոշելով չի: Աստված պետք է որոշի, թե ինչ է մեզ պարգեւելու, եւ ես Աստծուց երբեք առաջ չեմ ընկնի: Տղա թե աղջիկ, միեւնույն է, շնորհակալ կլինեմ Աստծուց, կարեւորը առողջ բալիկ ունենալն է եւ Տիրոջ շնորհքով մեծացնելը», — նշում է Վիգենը, իսկ Լեոնորան հավելում. «Ես զգում եմ, որ աղջիկ է: Ասում են, թե մոր սիրտը չի խաբում: Տեսնենք»: