տուն Քաղաքական Հայաստան Երբ մեկտեղվում են սրբությունն ու խարդախությունը. մանրամասնում է հարևանուհին

Երբ մեկտեղվում են սրբությունն ու խարդախությունը. մանրամասնում է հարևանուհին

1268
0

 Ցավոք, խաբեությունը, սուտն ու կեղծիքը մեզ հետ են ամեն քայլափոխի: Այսօր «Ֆեյսբուք»-ում մի գրառում աչքովս ընկավ:

Նանե Առաքելյան օգտատերն իր էջում նման գրառում էր կատարել.

«Նկարում Սուրեն Արամյանն է իր մայրիկի հետ։ Սուրենը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ։ Նրա հորաքույրը, ով ոչ մի կապ չունի Սուրենի ընտանիքի հետ, համացանցում ներկայանալով որպես Սուրենի մայր, փորձում է օգնություն ստանալ մարդկանցից (որը շատ լավ ստացվել է իր մոտ) և խաղալ Սուրենի ընտանիքի անվան հետ։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ տարածեք և զգուշացեք, որպիսի չօգնեք այս մարդուն, ով օգտագործում է Սուրենի և իր ընտանիքի անունը շահադիտական նպատակներով»։

Araratnews.am-ը կապ հաստատեց օգտատիրոջ հետ, որպեսզի մանրամասներ պարզի այս պատմությունից:

Մեզ հետ զրույցում Նանե Առաքելյանը, ում իրական անունը Նարինե է, ասաց.

«Սուրենը Արտաշատում է բնակվել: 2016 թվականի ապրիլի 6-ին է մահացել: Իրենք իր հորաքրոջ ընտանիքի հետ կապ չունեն: Հիմա հորաքույրը փորձում է ներկայանալ Սուրենի մայր, նա շատ մարդկանցից օգնություն է ստացել՝ որպես զոհվածի ընտանիք: Հորաքույրը ներկայացնում է, որ իրենք տուն չունեն, իրենց դուրս են հանել, հիմա վարձով են ապրում, ու փորձում է օգնություն ստանալ: Իրեն կահույք են բերել, պահարան, ամեն ինչ: Ես այդքանը գիտեմ»: 

Փորձեցինք հասկանալ, թե ով է Նանեն կամ Նարինե Առաքելյանը և որտեղից գիտի այս ամենի մասին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքը և Սուրեն Արամյանը հարևաններ են:

«Սուրենենք մեր հարևաններն են: Սուրենի հայրիկի հետ փորձեցինք ճշտել, որ միգուցե իրենք վատ վիճակում են, ու մենք էլ օգնենք իրենց: Հետո Սուրենի պապան ասաց, որ էդ կինը շատ շատերից է օգնություն ստացել` անգամ Ամերիկայից: Սրա մասին մենք պատահական ենք իմացել: Իմ մամայի ընկերուհին զանգում է ու հարցնում` սենց մարդ ճանաչում ենք, թե՞  ոչ, չիմանալով, որ իրենք մեր հարևանն են: Տան հասցե է ասում, որը չի համապատասխանում էդ տան հասցեին: Հետո, որ ամեն ինչ ճշտվում է, Սուրենի պապան ասում է, որ իր քույրն է անում»

Նարինեն մեզ հետ զրույցում ասաց, որ Սուրենի քրոջ և հորաքրոջ աղջկա  անունները նույն են, և այս հանգամանքն էլ է շատ օգնել այդ կնոջը, որպեսզի կարողանա իրականացնել իր ծրագրերը:

Էս ուր ենք հասել: Բա ուր կորով հայի մեր տեսակը: Սրբապղծություն է սեփական կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար շահարկել  զոհված զինվորի անունը: Արի ու տես, որ  այս դեպքում մեկտեղվել են խարդախությունն ու սրբությունը: Բայց կյանքում ամեն բան պետք է չափ ու սահման ունենա` սուտն էլ:

Հայկ Մագոյան