«Սանիթեք» ընկերությունն արդեն հինգերորդ օրն է՝ ոչ մի գործողություն չի իրականացնում մայրաքաղաքում։
Araratnews.am-ի հետ զրույցում վստահեցրեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ արձագանքելով մեր հարցին, թե ինչու է մայրաքաղաքը կրկին աղբի մեջ կորած։
Կարապետյանն ասաց, որ ընկերությունն իր արած հայտարարությունից հետո ոչ մի գործունեություն չի ծավալել։
«Դրանում կարող ենք համոզվել՝ գնալով «Սանիթեքի» ավտոպարկ և հետևելով այնտեղի մեքենաների շարժին, կամ գնալ Նուբարաշեն և այնտեղ դիտարկում անել, և կհամոզվենք, որ աղբահանությամբ զբաղվում է բացառապես Երևանի՝ վերջերս ստեղծված աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկը»,- ասաց նա։
Այսինքն՝ «Սանիթեքը» վերջին հայտարարությունից հետո հրաժարվե՞լ է կատարել իր պարտականությունները․ «Ի հեճուկս գոյություն ունեցող պայմանագրի, որի համաձայն աղբահանության պարտավորությունը «Սանիթեք» ընկերությանն է պատկանում, նա հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ պատճառաբանելով ինչ-որ «ֆինանսական ճնշումներով», մինչդեռ մենք պարբերաբար տեղեկացրել ենք դրա մասին հանրությանը։ Քաղաքապետարանը բացառապես պահումներ արել է պայմանագրով նախատեսված դեպքերում՝ աղբահանությունը թերի կատարելու, ձախողելու դեպքերում։ Դրանք փաստարկված են, փաստաթղթավորված, և դրանք այլընտրանք չունեցող գործողություններ են։ Այսինքն՝ «Սանիթեքը» չէր կարող վճարվել չարած աշխատանքի համար։ Ավելին, «Սանիթեքն» իր չարած աշխատանքի չափով չի տուգանվել, քանի որ տուգանքները եղել են ավելի մեղմ, քան արժանի էր այդ ընկերությունը»,- շեշտեց Կարապետյանը։
Խոսնակի խոսքով, քանի որ այս պահին միայն համայնքային հիմնարկն է զբաղվում աղբահանությամբ, փոքր-ինչ լարվել է աղբահանության վիճակը, բայց հիմնարկի ռեսուրսները շարունակաբար համալրվում են։ Կարապետյանը խոստացավ, որ առաջիկա օրերին դրական փոփոխություններ կտեսնենք։
Նա համաձայնեց, որ տարբեր համայնքներում այս պահին կա աղբահանության խնդիր՝ շեշտելով, որ համայնքն իր ունեցած ռեսուրսների ամբողջ ծավալով զբաղվում է խնդրով։
Քաղաքապետարանի խոսնակը նշեց, որ այս պահին 26 մեքենա է աշխատում Երևանի վարչական շրջաններում․ «Ընթացքում էլի մեքենաներ են գալու, այս օրերին նոր աղբամաններ կտեղադրվեն որոշ վարչական շրջաններում։ Համայնքը ստիպված է այդ սաբոտաժին դիմակայել, ստիպված ենք այդ որակումը տալ։ Իսկ «Սանիթեքի» այս վարքագիծը, բնականաբար, իրավական հետևանքներ կունենա»։
Հարցին՝ ի՛նչ իրավական հետևանքների մասին է խոսքը, Կարապետյանը չցանկացավ մանրամասնել։
Իսկ որքա՞ն տեխնիկա է հարկավոր, որպեսզի քաղաքապետարանը կարողանա կազմակերպել ողջ քաղաքի աղբահանությունը, կա՞ն արդյոք հաշվարկներ․ «Շուրջ 50 մեքենա է հարկավոր, որ հարցը լուծվի, այդ թվում՝ մեծ և փոքր, որովհետև մենք ունենք մեծ մեքենաներ, բայց չունենք փոքրերը, որոնք բակային տարածքներ են մտնում, որտեղ մեծ մեքենաները չեն կարողանում մուտք գործել»։
Հաջորդ հարցին՝ ե՛րբ կհամալրվի ողջ կազմը, և ե՛րբ կլուծվի հարցը, խոսնակը նշեց․ «Մեքենաները պատվիրված են և շուտով տեղ կհասնեն։ Վստահաբար այս ամսվա մեջ այդ փոքր մեքենաներն էլ կգան»։
Ինչ վերաբերում է կրկին պլաստիկե աղբամաններ տեղադրելուն, Կարապետյանը նշեց, որ «Սանիթեքն» իր պայմանագրի կետով էր պարտավորվել մետաղական աղբամաններ տեղադրել, և 5 տարի շարունակ նրանք խախտել են պայմանագրային պարտավորությունը։ Իսկ համայնքային հիմնարկը չունի նման պարտավորություն։ Խոսելով աղբամանի տեսակի ընտրության մասին՝ նա ասաց, որ դա կախված է մի շարք հանգամանքներից՝ գինը, որակը, արտաքին տեսքը։ Օրինակ՝ մետաղական աղբամանը աշխատանքի ընթացքում շատ աղմուկ է հանում։
Մի՞թե պլաստիկե աղբամանները շուտ չեն այրվում՝ հաշվի առնելով մեր հասարակության մենթալիտետը․ «Կան հրադիմացկուն պլաստիկից աղբամաններ, բայց ամեն դեպքում, երբ խարույկ ես վառում աղբամանի մեջ, ոչ մի պլաստիկ էլ չի կարող դիմանալ։ Պետք է խնամել այդ աղբամանները, որովհետև դա համայնքային գույք է»։
Կարապետյանը նշեց, որ, այնուամենայնիվ, համայնքը 1000 մետաղե աղբաման կունենա։ «Այսինքն՝ մի մասը կլինի մետաղական, մի մասը՝ պլաստիկե»։
Ի դեպ, այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին բաց նամակով է դիմել «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլին՝ պահանջելով վճարել ընկերությանը։