տուն Տնտեսական Երբ ԵՄ-ն կանդրադառնա ՀՀ-ի հետ Ասոցացման համաձայնագրի որոշ մասերին

Երբ ԵՄ-ն կանդրադառնա ՀՀ-ի հետ Ասոցացման համաձայնագրի որոշ մասերին

205
0

«Մենք ստիպված ենք շատ ուշադիր դիտարկել այն  հնարավորությունները, թե ինչպես կարող ենք ապագայում վերադառնալ բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասերին՝ հաշվի առնելով Մաքսային միության վերաբերյալ երկրի որոշումը»,- այսօր տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեն գործում է 1999 թվականից՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Գ. Վիգանդի խոսքով՝ կոմիտեի նիստում այսօր իրենք կքննարկեն ոլորտային համագործակցության հարցեր՝ քաղաքական բարեփոխումներից ու արդարադատությանն առնչվող հարցերից մինչև տնտեսական համագործակցություն: «Այսօր ինչ-որ յուրահատուկ տեքստի բանակցությունների սեսիա չէ, նման բան մենք կանենք Վիլնյուսից հետո՝ որոշ մանրամասներով: Այսօր կվերանայենք համագործակցության բոլոր ոլորտները: Եվ մենք ձգտում ենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և աջակցել բարեփոխումներին բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Գ. Վիգանդը: Նրա խոսքով՝ Ասոցացման, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն դրան անդրադարձ կլինի Վիլնյուսից հետո:

«Մենք գերազանց համագործակցում էինք Ձեր կառավարության հետ վերջին 3,5 տարիներին, տեքստը պատրաստ է: Բայց մենք ստիպված կլինենք դիտարկել այն Վիլնյուսից հետո՝ հասկանալու համար, թե այդ համաձայնագրի ո՞ր մասը մեզ հիմք կապահովի ապագա հարաբերությունների համար: Որովհետև մենք չենք կարող առաջ գնալ համաձայնագրի հարցում այնպես, ինչպես այն բանակցվել է՝ Մաքսային միության վերաբերյալ վերջին որոշման ֆոնին»,- ասաց Գ. Վիգանդը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ Վիլնյուսում չի կարող ստորագրվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ ասաց, թե ինքը հույս ունի, որ Հայաստանի հետ Վիլնյուսում ինչ-որ թուղթ կստորագրվի, «որով արձանագրվելու է ՀՀ և ԵՄ ապագա համագործակցության շրջանակը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here