Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման մոդելը առաջարկել և հիմնավորել է ֆրանսիական լուսավորիչ Շառլ Մոնտեսքյոն՝ դեռևս 18-րդ դարում: Հետագա դարերի ընթացքում ժողովրդավարության խորը ավանդույթներ ունեցող պետությունների պատմական փորձը եկավ ապացուցելու, որ այդ տարանջատումը առողջ և ժողովրդավար պետական համակարգ կառուցելու կարևորագույն գրավականն է: Սակայն անկախությունից ավելի քան երկու տասնամյակ անց հայկական իրականության մեջ այդ տարանջատումը ոչ միայն տեղի չունեցավ, այլև ընդհակառակը՝ դատական, օրենսդիր ու գործադիր մարմինները լիովին սերտաճեցին և սկսեցին կառավարվել մեկ կենտրոնից, ինչը հատուկ է ավտորիտար բնույթի պետություններին և դիկտատուրաներին:
Այնուամենայնիվ, ներկայիս հայաստանյան քաղաքական համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, համարել ավտորիտար համակարգ, փոքր-ինչ չափազանցություն կլինի: Տարբեր մասնագետների կարծիքով առկա համակարգը բնութագրվում է որպես մրցակցային ավտորիտարիզմ, որը անցումային տեղ է զբաղեցնում ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև: Այս բնութագրման համար հաշվի են առնվել տարբեր չափորոշիչներ, որոնց, սակայն, մենք չենք անդրադառնա: Սույն դիտարկման սահմաններում կփորձենք քննարկել զուտ դատական համակարգի վիճակը, որը բացարձակապես չի իրականացնում իր գործառութային պարտականությունները: Ընդհանրապես դժվար է համեմատել՝ արդյո՞ք գործադիր, օրենսդիր թե դատական իշխանությունների թերություններն են առավել կործանարար հետևանքներ ունենում հասարակական գիտակցության և պետական համակարգի համար։ Մի փաստ սակայն աներկբա է: Որևէ հասարակության կամ պետական համակարգում անիմաստ է ակնկալել ցանկացած առաջընթաց, եթե տվյալ համակարգի դատարանը ընդամենը գործիք է քաղաքական իշխանության ձեռքին:
Դատարանն, իր կոչմանը համապատասխան, այն գերագույն ինստիտուտն է, որը պետք է երաշխավորի մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանվածությունը՝ այդ թվում և՝ ընդդեմ քաղաքական իշխանության: Սակայն Հայաստանի երեք նախագահների օրոք էլ դատարանը վերածվեց իշխանության քաղաքական օպոնենտների հանդեպ հալածանքների գործիքի՝ հեղինակազրկելով թե՛ ինքն իրեն և թե՛ ամբողջ վարչակարգին: Քաղաքական աստառով «թխված» ամենաթարմ գործը հարուցվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ: Երբեմն զարմանալ կարելի է, թե ինչու են իշխանությունները ձեռնարկում նման ակնհայտ կեղծ ու քաղաքական դատական պրոցեսներ, ինչպես՝ Տիգրանի պարագայում: Լավագույն դեպքում կարող ենք ենթադրել, որ դա արվում է ինքնանպատակ:
Եթե անգամ իշխանությունները ցանկանում են դատական պրոցեսով վախեցնել երիտասարդ ակտիվիստներին, ապա ընդամենը կարող ենք փաստել, որ իրականում տեղի է ունենում հակառակ ռեակցիան, ի լրումն սրա, լիովին հեղինակազրկվում են և՛ դատավորը, և՛ դատարանը, և՛ իշխանություններն ու ամբողջ պետական համակարգը: Թվում էր, թե հայաստանյան իշխանությունները գոնե համաներումը կօգտագործեին փոքր-ինչ «պարզերես» լինելու համար և հենց դատարանի դահլիճից ազատ կարձակեին Տիգրան Առաքելյանին: Սակայն այսօր դատական հերթական նիստի ընթացքը ցույց տվեց, որ մեր իշխանությունները ոչինչ չեն մոռացել, ոչինչ չեն հասկացել և ոչինչ չեն սովորել:
Հ.Գ. Նշենք , որ ինքնաբերաբար, գրեթե բոլորս ասում ենք, որ իշխանությունները ազատ կարձակեն Տիգրանին և այլն, սա հերթական վկայությունն է այն բանի, որ մեր գիտակցության մեջ դատարանը չի ընկալվում որպես անկախ մարմին, բնականաբար այն պատճառով, որ այդպիսին չէ:
Աղասի Մարգարյան