Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու Ուկրաինայի կառավարության որոշումը հիասթափեցրել է ինչպես Եվրամիությանը, այնպես էլ ուկրաինացի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ուկրաինայի կառավարության որոշումը Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի դադարեցման, այդ թվում՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս հիասթափությունը ոչ միայն Եվրամիությունում է, այլ, կարծում ենք, ամբողջ ուկրաինացի ժողովրդի շրջանում»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ «Ուկրաինայի ապագան գտնվում է ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների տիրույթում», իսկ վերջին ամիսներին Ուկրաինայում իրականացված բարեփոխումները տպավորիչ էին։
Էշթոնը հայտարարել է, որ ավելի մեծ պայմանագրի ստորագրումը կարող էր լուրջ ազդակ հանդիսանալ միջազգային ներդրողներին, որ Ուկրաինան լուրջ է վերաբերվում երկրի արդիականացմանը, իսկ պետությունը կանխատեսելի է դառնում։ Նա կանխատեսել է, որ այս քայլը կնվազեցնի օտարերկրյա ներդրումները Ուկրաինա։
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարությունը ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացի դադարեցման որոշում է կայացրել, ինչը պայմանավորված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ։