Քանի որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը հրապարակային է, ես խնդրել էի, որ բոլոր լրագրողների համար դռները բաց լինեն եւ նրանք ազատ լուսաբանեն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
«Ես անձամբ մասնագիտական խորհրդի նախագահ պարոն Սուվարյանին ասել եմ, զգուշացրել եմ, որ լրագրողների դեմ դուռ չփակեն: Ես խնդրել էի, որ բաց լինի, ով ուզում է մտնի, բայց թե ինչի են դռները փակել, պետք է պահանջները դնել նրանց առջեւ, ովքեր փակել են դռները»,- ասում է Արզումանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը լուսաբանելու գնացած լրագրողներին բուհի ուսանողները թույլ չէին տվել մուտք գործել դահլիճ եւ նկարահնել պաշտպանության ընթացքը:
Մյուս կողմից հանձանժողովի նախագահը ասում է, որ դահլիճը լիքն է եղել, եւ լրագրողներին ներս չթողնելը կանոնակարգի խախտում համարելը կարելի է դիտարկել երկակի:
«Եթե դուք ասում եք, որ կանոնակարգը խախտվել է, եւ լրագողներին թույլ չեն տվել լուսաբանել թեզի հրապարակային պաշտպանությունը, մյուս կողմից դահլիճում լիքը մարդիկ են եղել, ուղղակի լրագրողներ չեն եղել: Եւ իրենք կարող են ասել, որ հրապարակային է եղել, քանի որ բոլորը եկել են, դահլիճում լիքը մարդ է եղել»,- ասում է Արզումանյանը: