տուն Հասարակություն Կրթություն ԵՊՀ-ի պարզաբանումը՝ ուսման վարձերի բարձրացման հետ կապված

ԵՊՀ-ի պարզաբանումը՝ ուսման վարձերի բարձրացման հետ կապված

476
0

Վերջին շրջանում մամուլում և սոցիալական ամենատարբեր հարթակներում
քննարկվում է ԵՊՀ-ում ուսման վարձերի անհամաչափ բարձրացման հարցը: AraratNews.am լրատվական կայքը բազմիցս նամակներ է ստացել և ստանում է այն դիմորդներից, ովքեր ցանկանում են իմանալ ուսման վարձերի բարձրացման պատճառը:

Կորոնավիրուսային իրավիճակում ՀՀ քաղաքացիներից շատերն են աշխատանք կորցրել, ինչի հետեւանքով մեծ մասի սոցիալական դրությունն է՛լ ավելի է վատթարացել. ինչպե՞ս պետք է նրանք նման գումարներ վճարեն, եթե
փաստացի հնարավորություն չունեն: Ուսման վարձի բարձր լինելու պատճառով բավական թվով խելացի երեխաներ կզրկվեն բարձրագույն ուսում ստանալու հնարավորությունից։ Արդյոք դա չի՞ նպաստի ԵՊՀ ուսանողների թվի կտրուկ անկմանը:

Վերոնշյալ հարցերի շուրջ AraratNews.am լրատվական կայքի թղթակիցը հարցում էր ուղարկել ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանին, որն ի պատասխան գրել է.

«ԵՊՀ-ում ուսման վարձերի բարձրացման հարցը քննարկվել է շատ երկար ժամանակ. գիտակրթական այնպիսի հաստատություններում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է, պլանավորումը և որոշումների ընդունումը տևական ժամանակ են պահանջում։ Ի դեպ, ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ որոշումն էլ ընդունվել է Արտակարգ դրություն հայտարարելուց առաջ։

Ուսման վարձերի բարձրացումը չի վերաբերում ԵՊՀ-ում արդեն սովորողներին, իսկ նոր ընդունվողները դիմում-հայտ ներկայացնելիս հաշվի են առնելու նաև ուսման վարձը։

Ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձր լինելուն, նույնիսկ բարձրացումից հետո ԵՊՀ-ն ուսման վարձերի չափով չի մտնում հայաստանյան բուհերի առաջատար եռյակի մեջ։

Բացի վճարովի ուսուցումից՝ ԵՊՀ-ում առկա է նաև պետպատվերով (անվճար) սովորելու համակարգ։ Այս տարի ԵՊՀ ընդունվողների համար լինելու է ընդհանուր առմամբ 760 անվճար տեղ։

Պետք է նշել նաև, որ ԵՊՀ-ում գործում է ուսման վարձերի զեղչման համակարգ, ըստ որի՝ ԵՊՀ ուսանողներին տրվում է ոչ միայն զեղչի հնարավորություն՝ առաջադիմության, զինվորական ծառայության կամ սոցիալական խոցելի խմբում գտնվելու համար, այլև ֆինանսական աջակցություն (պետական կրթաթոշակ, անվանական կրթաթոշակ, դրամաշնորհ)։

Ինչ վերաբերում է ուսանողների թվի կրճատմանը, ապա պետք է նշել, որ այս տարի ԵՊՀ ընդունվողների տեղերի քանակը պակասեցվել է»։

Օլյա Շահինյան